Մենք ԱԺ կգնանք բացառապես մեր օրակարգով. Արամ Վարդևանյան

© Sputnik / Aram NersesyanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արամ Վարդևանյանը վստահեցնում է, որ պայքարի մարտավարությունը չի փոխվել, և մարդիկ նրանց ԱԺ-ում դեռ չեն տեսնելու։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ընդդիմադիրներն Ազգային ժողով կվերադառնան բացառապես իրենց օրակարգով։ Վարդանյանների այգում «Դիմադրություն» շարժման հավաքի ժամանակ այս մասին ասաց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով` ՔՊ-ի օրակարգով հնարավոր չէ մեզ տեսնել ԱԺ-ում։ Մարդիկ երևի մտածում էին, որ վրանները հավաքելուց հետո հիմա մեզ տեսնելու էին փողկապներով Աժ-ում մակրոտնտեսական ցուցանիշների մասին խոսելիս»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` վրանը շարժման գործիքներից մեկն էր, ինչպես ռուպորն է, և շարժման մարտավարությունը չի փոխվել։
Վարդևանյանը մանրամասնեց` Փաշինյանին անվստահություն հայտնելու համար նախ պետք է լրանա նրա պաշտոնավարման մեկ տարին, որից հետո ԱԺ պատգամավորների 1/3-ը պետք է դիմումով հանդես գա և ներկայացնի վարչապետի իր թեկնածուն։ Սակայն, ըստ նրա, այս գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ մինչև նրա պաշտոնավարման մեկ տարին` օգոստոսի 2-ը, շատ անելիքներ ունեն։ Վարդևանյանը հավելեց` խաղաղ ճանապարհով հասնելու են «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի։
Հավելենք, որ ընդդիմադիրներն այգուց շարժվեցին դատախազության շենքի մոտ և այժմ այնտեղ են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14–ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:
Այսօր առավոտյան, արդեն, Ֆրանսիայի հրապարակն ազատվել է վրաններից, ավելի քան 40–օրյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավտոմեքենաների երթևեկությունը։
Լրահոս
0