Բողոքի 45 օրը. իշխանավորները ոչ միայն չհեռացան, այլև սպառնում են հեռացնել ընդդիմադիրներին

© Sputnik / Aram NersesyanԸնդդիմությունը հեռացնում է վրանները Ֆրանսիայի հրապարակից
Ընդդիմությունը հեռացնում է վրանները Ֆրանսիայի հրապարակից - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Ընդդիմությունը հեռացնում է վրանները Ֆրանսիայի հրապարակից
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Մոտ 45 օր հայաստանյան ընդդիմությունը արգելափակված պահեց Երևանի Ֆրանսիայի հրապարակը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Վարչապետը հրաժարական չտվեց։ Ու դա կարելի էր կանխատեսել անցած տարվա բողոքի ցույցերից հետո, երբ միանգամայն պարզ դարձավ՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի դիմի ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրինակին և կյանքում ինքնակամ չի հրաժարվի զբաղեցրած պաշտոնից։ Եթե որևէ մեկը սրանում կասկածում էր, ապա բողոքի այս վերջին ցույցերից հետո նման միամիտ մարդ երևի ընդհանրապես չմնաց Հայաստանում, ինչը ևս կարելի է դրական արդյունք համարել։
Երկրորդ դասը։ Երևի նույնիսկ այն մարդիկ, որոնք համոզված են, որ վերջին տարիների մեր բոլոր ահավոր ձախողումները՝ բանակցությունների տապալում, տարածքների կորուստ, հեղինակազրկում միջազգային ասպարեզում, հետևանք են իշխանավորների երիտասարդ թիմի փորձի և գիտելիքների պակասի ու ակնհայտ ապիկարության, պետք է ընդունեն, որ գոնե սեփական իշխանությունը պահպանելու հարցում այդ թիմը պարզապես փայլուն արդյունքներ գրանցեց։
Բողոքի 45 օրը. իշխանավորները ոչ միայն չհեռացան, այլև սպառնում են հեռացնել ընդդիմադիրներին
Հարկավոր էր պատգամավորների անմնացորդ նվիրվածությունը՝ բարձրացվեցին նրանց եկամուտները։ Հարկավոր էր ոստիկանների գործուն աջակցությունը՝ բարձրացվեցին նրանց աշխատավարձները։ Հարկավոր էր, որ դատավորները իշխանահաճո որոշումներ կայացնեին՝ նրանք սկսեցին ավելի շատ ստանալ։ Ընդ որում` գնահատեք՝ այս ամենը միայն ու միայն պետական բյուջեի, այսինքն` հասարակ քաղաքացիների հաշվին։ Իսկ դուք ասում եք՝ ապաշնորհ են։
Երրորդ դասը։ Պետք է համակերպվել նաև այն իրողության հետ, որ ներկա իշխանություններին այնուամենայնիվ հաջողվեց համոզել հասարակության առնվազն մի մասին, որ ամեն ինչում մեղավոր են «նախկինները», որոնց նկատմամբ շատերն առանց այն էլ մեծ վերապահումներ ունեին։ Բանակցությունների տապալո՞ւմ՝ նախկիններն են փակուղի մտցրել։ Պարտություն պատերազմո՞ւմ՝ նախկիններն են բանակն այդ վիճակին հասցրել։ Եվ ընդհանրապես նրանք տարիներ շարունակ ընդամենը մի բանով են զբաղվել՝ թալանով։
Միանգամից երևում է, որ իշխանությունները շատ լավ են սերտել Ջորջ Օրուելի միտքը. «Ով կառավարում է անցյալը, կառավարում է նաև ապագան, ով կառավարում է ներկան, կառավարում է նաև անցյալը»։
Եվ չորրորդ դասը։ Ընդդիմության ողջ բողոքը 45 օր շարունակ կառուցված էր գրեթե բացառապես Արցախի հարցի վրա, և միաժամանակ հանրահավաքների ու երթերի կազմակերպիչները հույս ունեին, որ միջազգային հանրությունը կկանգնի հակակառավարական ցույցերի մասնակիցների կողքին։ Կներե՛ք, ախր միջազգային հանրությունը թքած ունի Արցախի հարցի և դրա կարգավորման ուղիների վրա։ Այդ հանրությանը բացարձակ չի հուզում, թե ում կազմում կլինի Լեռնային Ղարաբաղը, և ինչ հետևանքներ կունենա դա հայերի համար։ Ա՛յ, խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև լրիվ հասկանալի և գովելի է։ Ճանապարհների բացումը՝ միանգամայն խրախուսելի։ Իսկ այդ ամենը կապվում է ոչ թե ընդդիմության, այլ Հայաստանի իշխանությունների վարած միջազգայնահաճո քաղաքականության հետ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ պիտի եվրոպացին Հայաստանի ընդդիմությանը սատարի։
Ու նաև համաձայնեք՝ եթե ընդունում ենք, որ միանգամայն ճիշտ է այն միտքը թե ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, պիտի ընդունենք նաև, որ այս հարցում էլ իշխանությունների վերաբերմունքը ընդդիմադիրների հանդեպ լրիվ բացատրելի է. «Այդ դո՞ւք էիք ուզում, որ մենք հեռանանք, ա՛յ միամիտներ։ Դե հիմա կտեսնեք, թե ով ում կհեռացնի»։ Ընդ որում` սա բոլորովին էլ դատարկ սպառնալիք չէ. Ազգային ժողովի հերթական նստաշրջանն այս շաբաթ ավարտվում է, ինչից հետո խորհրդարանի ղեկավարությունը լրջորեն մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու առաջարկով։
Ինչ ուզում եք, ասեք, սովետի ժամանակ ամեն ինչ կեղծ էր, բայց գոնե թղթի վրա՝ արդար։ Կար պատգամավորին հետ կանչելու ինստիտուտ, այսինքն` որոշ թվով ընտրողներ հնարավորություն ունեին իրենց ընտրյալին ասելու՝ մեր ձայների շնորհիվ ես պատգամավոր դարձել, մեր կամքով էլ կզրկվես մանդատից։ Այս առումով այժմվա իշխանությունների տրամաբանությունը, մեղմ ասած, մի փոքր անհասկանալի է՝ երբ որևէ մեկը իրենց տհաճ բան է ասում, հակադարձում են՝ ժողովուրդն է մեզ ընտրել, միայն նրա առջև ենք պատասխանատու, որովհետև ընտրողների կամքը մեզ համար օրենք է։ Իսկ երբ խոսքը ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին է, ընտրողներին հասկացնում են՝ ձեր ասածը մեզ համար բոլորովին օրենք չէ, ոչ թե դուք, այլ մենք պիտի որոշենք մեր դեմ փողոցում բողոքող պատգամավորների ճակատագիրը։
Դեռ պարզ չի՝ իրոք կզրկվե՞ն ընդդիմադիրները մանդատներից, թե ոչ։ Բայց բոլոր դեպքերում կարելի է խորհուրդ տալ ընդդիմությանը միշտ հիշել ամերիկացի հայտնի մանկավարժ Լորենս Փիթերի խոսքերը. «Սեփական փորձից դասեր քաղելը շատ ցավագին բան է, դրանից վատ միայն մի բան կարող է լինել՝ սեփական փորձից դասեր չքաղելը»։
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2022
Քննարկում կա, որոշում չկա. ՔՊ-ական պատգամավորը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին
Լրահոս
0