Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անկանխիկից խուսափել չենք կարող, ամբողջ աշխարհն անցնում է դրան. տնտեսագետ

Անկանխիկից խուսափել չենք կարող, ամբողջ աշխարհն անցնում է դրան, կարծում է տնտեսագետը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անկանխիկ գործարքների մասին:
Մարդիկ սովորույթի ուժով հակված են կանխիկ անել գործարքները, սակայն անկանխիկն անհամեմատ ավելի հարմար է, վաղ թե ուշ պիտի անցնենք դրան։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով որոշ ոլորտներում կանխիկից անկանխիկ գործարքների անցնելու հետ կապված` քաղաքացիների անհանգստություններին։
«Անկանխիկը միայն առավելություններ է պարունակում, քաղաքացու տուժելու կամ կորստի բաղադրիչ ընդհանրապես չկա։ Միակ խնդիրը, որ անցումային ժամանակահատվածում կարող է լինել, տեխնիկական դժվարություններն են»,- ասաց տնտեսագետը։
Կազմակերպությունները պատրա՞ստ են հուլիսի 1-ից 300.000-ը գերազանցող անկանխիկ գործարքներին
Քթոյանը հատուկ ընդգծում է, որ կանխիկից անկանխիկին անցումը չի վնասում նաև որևէ տնտեսվարող սուբյեկտի, եթե վերջինս թափանցիկ ու օրինական գործարքներ է անում։ Հիմնական խնդիրը տեխնիկական հարցերն են, որոնք տարիքից, գործունեության բնույթից կամ ֆինանսական գրագիտությունից ելնելով` կարող են առաջանալ բնակչության որոշ խմբերի մոտ։ Սա էլ իրազեկում է պահանջում։
«Իրազեկման խնդիր կա, դրա համար տրամաբանորեն որոշակի անցումային ժամանակահատված է նախատեսվում՝ հիմա խոշոր գործարքներն են փոփոխության ենթարկվում, որոշ ժամանակ հետո չեմ բացառում, որ անկանխիկ առևտուր անելու շեմը նվազեցվի և դրանում ներառվեն ավելի փոքր գործարքները»,- նշեց Քթոյանը։
Անկանխիկ գործարքների անցնելու հարմարավետությունն ընդծելու համար Քթոյանը բերում է կոմունալ վճարների օրինակը, որոնց համար նախկինում պահանջվում էր բանկերում երկար հերթ կանգնել, իսկ հիմա դրանք կարելի է շատ արագ վճարել էլեկտրոնային բանկային համակարգերով։
Անդրադառնալով քաղաքացիների անհանգստությանը, թե պետությունն այս փոփոխությամբ փորձում է բնակչության եկամուտները վերահսկել, տնտեսագետը նշեց, որ վերահսկելը նորմալ է ու հետապնդում է հանրային շահ, ուղղված է հարկերի վճարումից խուսափելը ֆիքսելու, ապօրինի եկամտի շրջանառությունը կամ պետությունից գողությունը կանխելու և նման այլ նպատակների։

«Դա ոչ թե նրա համար է, որ պետությունն իմանա, թե տվյալ անձն ինչ արեց, ինչ նախասիրություն կամ ճաշակ ունի, այլ հասկանա՝ արդյոք տվյալ գործարքից հարկերը վճարվե՞լ են, կամ գործարքը կատարած անձն ունե՞ր բավական հայտարարագրված եկամուտ, թե՞ ոչ։ Ինչքան էլ մենք թերահավատորեն վերաբերվենք՝ պետությունն այդ գումարները ծախսում է հանրային նպատակներով, դրանք չեն գնում ինչ-որ անորոշ տեղ»,- վստահեցրեց տնտեսագետը։

Մյուս կողմից՝ կանխիկ գործառույթն անուղղակիորեն դիտարկվում է որպես ստվերային տնտեսության ուղեկից։ Տնտեսագետի խոսքով՝ դա հաշվարկելուն ուղղված մեթոդաբանության հիմքում կա մեկ չափորոշիչ՝ կանխիկի շրջանառություն։ Հետևաբար, կանխիկը նաև այդ տեսանկյունից է ռիսկեր պարունակում։
Քթոյանը նաև չբացառեց՝ ավելի շատ գործարքներ կարող են դառնալ անկանխիկ։ Աշխարհում թեպետ կանխիկի վրա սահմանափակումներ չկան, սակայն անկանխիկն այնքան է տարածված, որ կանխիկը դարձել է արտառոց։
Քթոյանը նշեց, որ թեև կանխիկը չի սահմանափակվում, բայց, օրինակ, գումար կանխիկացնելու համար բանկոմատներ շատ դժվար են գտնվում, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ամեն քայլափոխի կարող ենք բանկոմատից օգտվել։
ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել
Հիշեցնենք, որ այս տարի ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն` պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների վճարները, հուլիսի 1-ից անկանխիկ են արվելու։ 300 000 դրամը գերազանցող գործարքները միայն անկանխիկ պետք է իրականացնեն նաև անհատ ձեռներեցները։
Բժշկական ու կրթական հաստատություններն այս հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից`մարզկենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` Հայաստանի ողջ տարածքում, իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունելու են բացառապես անկանխիկ։
Նույն ժամանակացույցն է գործելու մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման դեպքում։ Այսինքն՝ հուլիսի 1-ից՝ Երևանում, հաջորդ հուլիսի 1-ից` մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից` ողջ Հայաստանում, մասնավոր հատվածը, նոտարները, փաստաբանները աշխատավարձերը ստանալու են միայն անկանխիկ։
Լրահոս
0