Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ւմ է իր ձայնը տալիս Թուրքիայի հայ համայնքը նախագահի ընտրություններում

Ո՞ւմ է իր ձայնը տալիս Թուրքիայի հայ համայնքն ընտրությունների ժամանակ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում 2023թ․ սպասվող ընտրություններին և հայ համայնքի դերին այդ ընտրություններում։

Թուրքիայի հայկական համայնքն ընտրություններում երբեմն իր ձայնը տալիս է Էրդողանին ու նույնիսկ ազգայնականներին։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմազգյոզյանը՝ 2023թ-ին Թուրքիայում սպասվող ընտրություններին ընդառաջ խոսելով տարբեր ուժերի ընտրազանգվածների մասին։
«Հայկական համայնքը երբեմն ձայն է տալիս Էրդողանին, բայց հիմնականում նախկինի պես գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանն են ընտրում, մի մասն էլ այսօր թեքվել է դեպի քրդամետ կուսակցություն»,- հայտնեց թուրքագետը։
Հայկական համայնքը երկրի մասշտաբով այնքան էլ մեծ չէ, հետևաբար իրենց քվեարկությունը մեծ նշանակություն չի ունենում։ Լոքմագյոզյանի տվյալներով՝ հայկական համայնքում իրականում քաղաքական ենթատեքստն այնքան էլ խորացած չէ, բանավեճեր այս թեմայով գրեթե չեն լինում։
«Հայկական համայնքում անգամ չի բարձրաձայնվում, թե ով ում համար է քվեարկում, եթե համայնքի ղեկավարներից, օրինակ, պատրիարքից, ինչ-որ ուղղորդում չկա, որ սկսեն քննարկել այդ հարցը»,- ասաց թուրքագետը։ Ընդհանուր առմամբ, երկրի իշխող նախագահ Էրդողանի ընտրազանգվածում, հայերը, բնականաբար, մաս չեն կազմում։ Թուրքագետը նշեց, որ նրա հիմնական ընտրազանգվածը իսլամամետ ու ազգայնական ուժերն են։ Լոքմազգյոզյանը նշում է, որ Էրդողանն իրականում բավական բարձր աջակցություն ունի, ու եթե ընտրություններին ինքն անձամբ ներկայանա, ապա հաղթելու հավանականությունը մեծ է, քանի որ հակառակորդ հավասարազոր ուժ Թուրքիայում այս պահին չկա։
Թեպետ վերջին տարիներին տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ն բարձր վարկանիշ ունի, որովհետև երկրի ամենախոշոր երկու քաղաքներում՝ Ստամբուլում ու մայրաքաղաք Անկարայում ընտրված նահանգապետերն այդ կուսակցությունից էին, թուրքագետի խոսքով՝ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն չունի այնքան խարիզմա, ինչքան Էրդողանինն է։
Էրդողանը հաստատել է, որ ընտրություններում պայքարելու է նախագահի պաշտոնի համար
«Էրդողանն առնվազն 40 տոկոս աջակցություն ունի, ինչը մեծ բան է ընտրությունների ժամանակ, եթե մի փոքր էլ ջանան, հատկապես ազգայնականների ուղղությամբ, այդ տոկոսը բարձրանալու է։ Ընդդիմադիրներն էլ ունեն իրենց կարծրացած կողմնակիցները, ինչ էլ որ լինի, իրենցից երես չեն թեքի, բայց այնքան չէ, ինչքան Էրդողանինն է»,- բացատրեց թուրքագետը։
Բացի իշխանությունից ու հիմնական ընդդիմությունից, մյուս ուժերն այնքան էլ մեծ չեն, որ կարողանան հակակշռել իշխող ուժին։ Վերջին տարիներին ակտիվացել է Կարո Փայլանի անդամակցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, սակայն նրանք ընտրություններին հազիվ կարողանում են անցողիկ 10 տոկոս շեմը հաղթահարել։ Դաշտի մյուս երևացող ուժերից մնում են երկու ազգայնական կուսակցություններ, որոնցից մեկն իշխանության դաշնակիցն է, մյուսը՝ գլխավոր ընդդիմության։
Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Էրդողանը ռեալ մրցակիցներ այս պահին չունի, սակայն, Լոքմագյոզյանը հետաքրքիր փաստ է նշում․ առանց Էրդողանի իշխող կուսակցությունը պարզապես կմասնատվի, երբ ասվում է 40 տոկոս աջակցություն, խոսքը հենց Էրդողանի թեկնածության մասին է, ոչ թե իր կուսակցության։ Քանի Էրդողանն ուժեղ է ու առաջ է գնում, իրենք հետևում են նրան, իսկ եթե Էրդողանը չլինի, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի։

«Լուրեր կան, որ Էրդողանն առողջական խնդիրներ ունի, ոչ մեկ չգիտի՝ ինչ կլինի մինչև ընտրություններ։ Եթե Էրդողանը չլինի, այն ժամանակ իր կուսակցությունը ոչ միայն իրենից բան չի ներկայացնի, այլև անգամ կարող է մի քանի մասի բաժանվել, որովհետև այն ավելի շատ տարբեր խմբակցությունների հավաքածու է, որոնց Էրդողանն է իր ձեռքում պահում»,- ասաց Լոքմագյոզյանը։

Այս պահին Թուրքիայի իշխանությունները հիմնականում աշխատում են իրենց ընտրազանգվածը պահելու ուղղությամբ։ Շարժվում են այն քաղաքականությամբ, որ եթե հնարավոր է ընտրազանգվածն ավելացնել, ապա անել դա, եթե ոչ, ապա գոնե եղածը չպակասեցնել։
«Այսօր նրանք դեռ հաջողում են, եթե ինչ-որ սխալ գործի Էրդողանը, որը շատ քիչ հավանական է, այն ժամանակ կարող է իր ընտրազանգվածի ինչ-որ մաս երես թեքել իրենից»,- հավելեց թուրքագետը։
Նշենք, որ Թուրքիայում վերջին ամիսներին տնտեսական ճգնաժամի ու ահռելի գնաճի համապատկերում իշխող ուժի վարկանիշը անընդհատ ընկնում է։ Կարծիքներ կան, որ Սիրիայում սպասվող թուրքական ռազմական գործողությունը կամ Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցմանը դեմ արտահայտվելը Էրդողանի վարկանիշը կարգավորելու տարբերակներ են։
Էրդողանը վերահաստատել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը
Լրահոս
0