Ֆուտբոլից հեռու մարդիկ նշանակվել են ղեկավար ու քանդում են ոլորտը հիմնովին. Պողոսյան

© Sputnik / Aram NersesyanՖուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը Sputnik Արմենիայում
Ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երևանի «Արարատի», ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին, բացահայտել, թե ինչու են այդ խնդիրները խորացել։
Հովհանես Պողոսյանը ֆուտբոլիստի հարուստ կարիերա է ունեցել։ Կարիերայի ավարտից հետո նա ֆուտբոլից հեռացել է, բայց երբեք չի դադարել մտածել Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է ոլորտի այսօրվա խնդիրների մասին, ստեղծված իրավիճակի համար մեղադրել ֆուտբոլային ղեկավարությանը, սուր քննադատության ենթարկել նրանց։
- Պարոն Պողոսյան, վերջին շրջանում Դուք շատ ակտիվ եք սոցիալական հարթակներում։ Շատ եք խոսում հայկական ֆուտբոլում գոյացած խնդիրների մասին ու քննադատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը։ Ի՞նչն է Ձեզ այդպես անհանգստացրել։
- Պայքարել ու պայքարելու եմ հայկական ֆուտբոլում գոյացած միջակությունների դեմ։ Ասել եմ ու էլի ասում եմ, որ մելիքբեկյան-նիկողոսյանական (Արմեն Մելիքբեկյան` ՀՖՖ նախագահ և Արմեն Նիկողոսյան` ՀՖՖ փոխնախագահ) տանդեմը դարձել է պատուհաս հայկական ֆուտբոլի համար։ Հայաստանում իշխող վարչակազմի կողմից այս խամաճիկներին փաթաթել են հայկական ֆուտբոլի վզին։ Ինչպես օձն է փաթաթվում իր զոհին, այսպես էլ սրանք են փաթաթվել հայկական ֆուտբոլի վզին ու խեղդում են։
- Միգուցե վերջին շրջանում մեր թիմերի ոչ բավարար արդյունքնե՞րն են ստիպել Ձեզ նման կերպ խոսել Հայաստանի ֆուտբոլային ղեկավարության մասին։
- Ոչ բավարար արդյունքներն էլ իրենց դերակատարումն ունեն իմ վրդովմունքի մեջ։ Բայց ընդհանուր առմամբ մեր ֆուտբոլում քաոս է տիրում։ Պարտությունները դարձել են մեր հավաքական թիմերի խորհրդանիշ։ Ինչպե՞ս կարելի է պարտվել 0։19 հաշվով (Հայաստանի կանանց ազգային հավաքական), 0։9 հաշվով (Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիայի հետ ընկերական խաղում), 0։10 (Հայաստանի երիտասարդական հավաքականը Շվեդիայի հետ խաղում), մյուս տարիքային թիմերն էլ՝ 0։7, 0։6 կամ 0։4 հաշիվներով։
Սրանք վերջին երեք տարիների ընթացքում գրանցված արդյունքներն են, ու թե ինչպես են մարդիկ շարունակում աշխատել և հպարտանալ իրենց աշխատանքի արդյունքներով` ինձ համար անընդունելի ու անհասկանալի է։ Ֆուտբոլից հեռու մարդիկ նշանակվել են ղեկավար ու քանդում են մեր ֆուտբոլը հիմնովին։
- Միշտ ասում են` սպորտը պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Բայց հիմա տեսնում ենք, որ սպորտում ու մասնավորապես ֆուտբոլում քաղաքականությունն առկա է։ Նման իրավիճակում միգուցե հենց քաղաքականությո՞ւնն է խանգարում ֆուտբոլի զարգացմանը։
- տՖուտբոլային ներկայիս ղեկավարությունը ֆուտբոլը բաժանել է երկու մասի՝ յուրայինների ու հակառակորդների։ Ով իրենց ծառայություն է մատուցում, յուրային է։ Իսկ ովքեր դեմ են իրենց վարած քաղաքականությանն ու որոշումներին, համարվում են օտար։ Ֆուտբոլը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, ովքեր ֆուտբոլային գիտելիքներ ունեն։
- Ի՞նչ եք կարծում, եթե թիմը խոշոր հաշվով պարտվում է ընկերական խաղում, հետո էլ պարտվում է պաշտոնական մի քանի խաղերում, մարզիչը պե՞տք է հեռանա իր զբաղեցրած պաշտոնից։
- Միանշանակ պետք է հեռանա։ Ֆուտբոլում յուրաքանչյուր մարզչի համար դա ընդունված կարգ է։ Եթե թիմը ձախողում է իր ելույթները, իհարկե մարզիչը պետք է հրաժարական տա ու հեռանա։ Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, ֆուտբոլում էլ պատասխանատուները նշանակված են, բայց պատասխան տվող չկա։ Սա խայտառակություն է։ Հայկական ֆուտբոլը վերջին 20 տարիների ընթացքում նման վիճակում չի եղել։ Չի կարելի հպարտանալ պարտություններով։ Ժամանակին, երբ ես ֆուտբոլիստ էի, նույնիսկ 0։1 հաշվով պարտվելուց հետո մենք տանից դուրս չէինք գալիս ու հոգեբանորեն շատ ընկճվում էինք, որ պարտվել ենք։ Մեր ժամանակ ապրել ենք ֆուտբոլով, շնչել ֆուտբոլով, ունեինք բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա էր առանց նորմալ խաղադաշտեր ունենալու։

Հիմա էլ խաղադաշտերը կան, բայց չգիտես ինչու` չունենք բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Ընդ որում` մենք մանուկ ու պատանի տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ ունենք։ Բայց զարգացում չկա։ Ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ ժամանակին խաղադաշտում մեր երկրի պատիվն ենք պաշտպանել, ու նրանք հիմա ֆուտբոլում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Զարմանում եմ` ինչու՞ նրանք չեն քննադատում, չեն բողոքում ՀՖՖ-ի ղեկավարության դեմ։ Չեմ հասկանում, թե ուր ենք գնում այս ճանապարհով։ Շատ տխուր է ֆուտբոլի վիճակը Հայաստանում։

Զրույցի վերջում Հովհաննես Պողոսյանը նշեց, որ դժվարություններ կան ամբողջ աշխարհում, բայց միջին խաղային որակների լեգեոններ բերելով Հայաստան` մենք խոչընդոտում ենք հայ պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների աճին։ Ֆեդերացիան չպետք է միայն կազմակերպի ու անցկացնի մեր առաջնությունները, այլ սերտ համագործակցություն, ընդհանուր ռազմավարություն պետք է ունենա ակումբների հետ։ Պողոսյանի կարծիքով` հայկական ֆուտբոլը հիմա ծանր ճգնաժամ է ապրում, բայց կտրուկ փոփոխությունների ու բարեփոխումների գնալու դեպքում ամեն ինչ դեռ կորած չէ։
Լրահոս
0