Մեզ մոտ մենաշնորհները կարող են մթերքների գները պահպանել ըստ հայեցողության. Սուրեն Պարսյան

Պարսյան. Մեզ մոտ մենաշնորհները կարող են մթերքների գները պահպանել ըստ հայեցողության
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գնանկման խնդրին և հայաստանյան շուկայում առկա իրավիճակին։
Հայաստանում սովորաբար գնաճային փոփոխություններն արձանագրվում են կամ շատ ուշ, կամ ընդհանրապես չեն նկատվում` հաշվի առնելով մեր շուկայի մենաշնորհային բնույթը, որովհետև մենաշնորհները կարող են մթերքների գները պահպանել ըստ հայեցողության, անկախ այն հանգամանքից` գներն օբյեկտիվորեն բարձրանում են, թե իջնում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա փոխանցմամբ, ի տարբերություն պարենամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացների, այս պահին Հայաստանում կա ճիշտ հակառակ գործընթաց` գնաճ։ Հատկապես ցորենի գինը նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ ավելացել է 20 տոկոսով, զգալիորեն բարձրացել են գյուղատնտեսական գրեթե բոլոր մթերքների գները։
Ամեն ինչ սահման ունի. պարենի համաշխարհային գները հունիսին նվազել են
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն` պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին միջինում կազմել է 154.2 միավոր, ինչը 2.3 տոկոսով ցածր է մայիս ամսվա ցուցանիշից։ Ինդեքսը, որն ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 23,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։
«Պարենամթերքի համաշխարհային շուկայում առկա գնանկումը պայմանավորված է տարբեր գործոններով։ Գերտերություններն այդ ուղղությամբ իրականացրին մի շարք քայլեր` նախևառաջ իրենց ռեզերվներից բաց թողնելով որոշակի պաշարներ, որպեսզի կարողանան գնաճի միտումը կասեցնել, թեև ներկայումս գնաճային իրավիճակը որոշակիորեն պահպանվում է, քանզի պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ դեռ գործում են։ Հիմա քննարկվում է նաև ռուսական մի շարք նավթային ընկերությունների նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցը, ինչն իր հերթին հանգեցրել է պարարտանյութերի գների բարձրացման»,– ասաց տնտեսագետը։
Պարսյանի տեղեկացմամբ` այս տարի Ռուսաստանում կանխատեսվում է ցորենի շատ բարձր բերքատվություն, ինչն ուղղակիորեն կազդի համաշխարհային շուկայում գնագոյացման վրա, ու թեև ռուսական կողմը հայտարարել է արևմտյան որոշ երկրների նկատմամբ էմբարգո կիրառելու մասին, այդուհանդերձ պաշարների որոշակի քանակ կարտահանի։
«Հաշվի առնելով մեր օլիգարխների մեծ ախորժակը` պարենի համաշխարհային շուկայում առկա գնանկումը մեզ կարող է ընդհանրապես չհասնել։ Եթե դրամի արժևորումը չլիներ, սննադամթերքի գնաճը մեզ մոտ կկազմեր ոչ թե 17, այլ ավելի բարձր տոկոս, և եթե դոլարային հոսքը չլինի, ապա մեկ օրվա ընթացքում փոխարժեքը կարող է բարձրանալ, իսկ նախապես կանխատեսված գնաճն իր հերթին կարող է բազմապատիկ անգամ ավելանալ»,– մեկնաբանեց տնտեսագետը։
Պարսյանի դիտարկմամբ` հայաստանյան ներքին շուկայի վրա մեծ ազդեցություն կարող է թողնել գյուղատնտեսության ոլորտի շարունակական անկումը։ Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է գյուղոլորտի 5,4 տոկոս անկում։ Բանջարեղենի ու մրգերի գները թանկացել են ոչ թե այն պատճառով, որ համաշխարհային շուկայում գնաճ կա, այլ այն պատճառով, որ գյուղատնտեսության ոլորտն արդեն երկրորդ տարին է, ինչ անկում է արձանագրում։ Գյուղատնտեսական քաղաքականության ձախողումը հանգեցնելու է գնաճի, իսկ կառավարությունը պարտավոր է դա հաշվի առնել ու կտրուկ կանխարգելիչ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ։
Տնտեսագետի հավաստմամբ` անհրաժեշտռ է մշակել ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագիր` վերակագնելով ոլորտում լիազոր մարմնի` նախարարության գործունեությունը և աշխատանքներում ներգրավել ոչ թե դիլետանտների, այլ արհեստավարժ մասնագետների։
Լրահոս
0