Ռումբերի մասին կեղծ ահազանգեր տվողները պետք է խիստ պատժվեն. Արմեն Փամբուխչյան

© Photo : official site of MES of RA Արմեն Փամբուխչյան
Արմեն Փամբուխչյան - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԻ նախարարի խոսքով` այն ռեսուրսը, որն այսօր ծախսեցին փրկարարները, ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները, կարելի է իզուր վատնում համարել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ռումբերի մասին կեղծ ահազանգեր տվողները պետք է խիստ պատժվեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հայտնել ենք, որ այսօր 13.30-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված էր, քանի որ ռումբի մասին ահազանգ էր ստացվել։ Մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

«Այն ռեսուրսը, որը ծախսեցին փրկարարները, ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները, կարելի է ասել`իզուր վատնում էր։ Այս բոլոր կառույցները ժամեր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում։ Մենք պետք է հետևողական լինենք, որ նման ահազանգեր ներկայացնողները խիստ պատիժ ունենան»,–ասաց նա։

Նրա խոսքով` այսօր փաստացի Երևանի մետրոպոլիտենը պարալիզացված էր, և տասնյակ հազարավոր մարդիկ զրկված էին այս շոգ եղանակին ամենահարմարավետ տրանսպորտային միջոցից օգտվելու հնարավորությունից։
Հավելենք, որ վերջին շրջանում ԱԻՆ–ը պարբերաբար ահազանգեր է ստանում այս կամ այն կառույցում ռումբի առկայության մասին։
Հուլիսի 17–ին, օրինակ, ահազանգ էր ստացվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված։ Առաջին նախագահի տուն էին ժամանել ոստիկանները, կինոլոգներն ու փրկարարները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ահազանգը կեղծ էր։
Լրահոս
0