Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

© AFP 2022 / JUSTIN TALLISԲորիս Ջոնսոնը Դաունինգ Սթրիթում ասուլիսի ժամանակ (հունվարի 26, 2021). Լոնդոն
Բորիս Ջոնսոնը Դաունինգ Սթրիթում ասուլիսի ժամանակ  (հունվարի 26, 2021). Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամները աջակցում են Ջոնսոնի թեկնածությանը, նշելով, որ վարչապետը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, երբ 2023 թվականի սեպտեմբերին պաշտոնն ազատի Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Telegraph թերթին։
Թերթը հայտնում է, որ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամները աջակցում են Ջոնսոնի թեկնածությանը, նշելով, որ վարչապետը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված հարցերի լուծման նպատակով «միջազգային կոալիցիա ստեղծելու հարցում օգնություն ցուցաբերելու շնորհիվ»։ Թերթը գրում է նաև, որ բրիտանացիների թեկնածությունները վաղուց են դիտարկվում դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, այն պատճառով, որ «ԱՄՆ-ն չի վստահում ԵՄ-ի ցանկացած թեկնածուի»։ Պարբերականը հավելում է, որ Բրիտանիային վստահում են նաև մերձբալթյան երկրները։

«Ցանկացած ճանաչված բրիտանացի հիանալի ընտրություն կլիներ։ Եթե Բորիս Ջոնսոնն իսկապես ուզում է գնալ այդ քայլին, իհարկե, ես կաջակցեմ նրան»,- թերթը մեջբերում է պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Ռիչարդ Դրաքսի խոսքերը։

Կոմիտեի մեկ այլ անդամ` Մարկ Ֆրանսուան, նույնպես հայտարարել է, որ հավանություն կտար Ջոնսոնի թեկնածությանը։ Ըստ նրա` բրիտանացի քաղաքական գործչին կաջակցեր նաև Վլադիմիր Զելենսկին։
Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ ոչ բոլորն են այդքան բարեհաճ Ջոնսոնի թեկնածության նկատմամբ։ Օրինակ, Բրիտանիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Ռիչարդ Դաննաթը հայտարարել է, որ չէր աջակցի Ջոնսոնին նրա բնավորության պատճառով։
Բրիտանիայի ՊՆ-ի աղբյուրը ևս կասկած է հայտնել Ջոնսոնի հաջողության վերաբերյալ, ենթադրելով, որ Ֆրանսիան կարող է բրիտանացու թեկնածությանը դեմ քվեարկել։
«Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները միաձայն որոշմամբ են նշանակվում։ Ցանկացած երկիր կարող է վետո կիրառել։ Կարծում եք՝ նախագահ Մակրոնը Բորիս Ջոնսոնի թեկնածությունը կառաջադրե՞ր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Դա մարտահրավեր է բրիտանացու համար։ Անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը, և որ ֆրանսացիներն ասեն՝ «այո»»,- մեջբերում է թերթը։
«Աստա Լա Վիստա, բեյբի՛». Ջոնսոնն այսպես է հրաժեշտ տվել խորհրդարանին
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի առաջնորդները Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում համաձայնեցրել են իր լիազորությունների ժամկետը ևս մեկ տարով` մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, երկարաձգելու հարցը։
Բորիս Ջոնսոնը, որը 2019 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել է Թերեզա Մեյին, հուլիսի 7-ին հայտարարեց վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները լքելու մասին։
Լրահոս
0