«Սա իմ դեբյուտն է ՀՀ-ում». հայտնի դիրիժոր Ռուբեն Ղազարյանը խոսել է երևանյան համերգի մասին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ղազարյան
Ռուբեն Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Ռուբեն Ղազարյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուբեն Ղազարյանն առաջին անգամ ելույթ կունենա պատմական հայրենիքում: Նա բեմ դուրս կգա Հայաստանի կամերային սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ դիրիժոր Ռուբեն Ղազարյանը, որը մի շարք հայտնի կամերային նվագախմբեր է ղեկավարել Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում:

«Մի տեսակ զավեշտալի է, երբ մտածում եմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում որպես դիրիժոր հանդես գալու: Արդեն 25 տարի «դրսում» ես ելույթ եմ ունենում որպես դիրիժոր, բայց իմ հայրենիքում փաստորեն իմ դեբյուտն է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց դիրիժորը։

Ղազարյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի մասնակցությամբ համերգը տեղի կունենա հուլիսի 29-ին` ժամը 19։30-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը:
«Մենք հետաքրքիր և գունեղ ծրագիր ունենք, սկսում ենք բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիթենի «Պարզ սիմֆոնիա» ստեղծագործությունից ։ Այնուհետև Հասմիկ Պապյանը կկատարի իտալացի կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգայի «Արևի մայրամուտը» ստեղծագործությունը»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ համերգին կհնչեն նաև Կոմիտասի երեք ստեղծագործությունները` «Գարուն», «Հով արեք», «Կռունկ»: Բացի այդ, նախատեսվում է Անտոն Արենսկու «Կվարտետ» ստեղծագործության պրեմիերան։ Ղազարյանը նշեց, որ սա մեծ, բարդ ստեղծագործություն է, և առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն նաև ստեղծագործության առաջին և երրորդ մասերը:
«Ինձ համար շատ հուզիչ է, որ տարիներ անց առաջին անգամ եմ Հայաստանում հանդես գալիս որպես դիրիժոր»,- ասաց երաժիշտը:
Համերգից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։ Ղազարյանը պատմեց, որ ելույթ ունենալու գաղափարի հեղինակն իր մանկության ընկեր, ջութակահար Խաչատուր Ալմազյանն է։ Ղազարյանը ծրագրել էր հայրենիք գալ դեռ 2020 թվականին, բայց համավարակը խանգարեց։ Իսկ 2021-ին դիրիժորի գրաֆիկը չափազանց հագեցած էր, և հարմար առիթը միայն հիմա է ներկայացել։
Ռուբեն Ղազարյանի մասին
Ռուբեն Ղազարյանը Հայաստանից Գերմանիա է մեկնել 30 տարի առաջ։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի լարային գործիքների ասպիրանտուրան (ջութակ), դիրիժորի մասնագիտության եռամյա դասընթաց է անցել։ 26 տարեկանում նշանակվել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 16 տարի շարունակ ղեկավարել է Եվրոպայում ամենահայտնի կամերային նվագախմբերից մեկը՝ Württemberg Chamber Orchestra Heilbronn-ը` տալով ավելի քան 890 համերգ և ձայնագրելով 26 CD։
Այսօր Ռուբեն Ղազարյանը Theatre Altenburg Gera-ի գեղարվեստական ղեկավարն է: Ղազարյանն իր գործունեությունը բնութագրում է որպես «շատ ինտենսիվ և հետաքրքիր»։
Լրահոս
0