Ջազի լեգենդը. ինչպես Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը նվաճեց ամբողջ աշխարհը

© Sputnik / Тер-Месропян / Անցնել ֆոտոբանկԿոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Կոնստանտին Օրբելյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայկական ջազի համաշխարհային հաղթարշավը սկսվեց անցյալ դարի 70-ականներին Հայաստանի պետական էստրադային նվագախմբով, որը ղեկավարում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը։ Մեծ երաժիշտն այսօր կդառնար 94 տարեկան…
Տաղանդը միշտ էլ կգտնի իր ճանապարհը։ Ծանր 20-ականներին ծնված տղայի ճակատագիրը կասկած չի թողնում, որ այդ պնդումը ճիշտ է․․․
Ապագա դիրիժորն ու կոմպոզիտորն ընդամենը 8 տարեկան էր, երբ ձերբակալեցին, ապա գնդակահարեցին նրա հորը։ Երկու տարի անց ձերբակալվեց տղայի մայրը. նրան դատապարտեցին 10 տարվա աքսորի ստալինյան ճամբարներում։
«Ժողովրդի թշնամիների» որդին որոշ ժամանակ սովորեց Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցում, որտեղ ընդունվել էր բացառիկ երաժշտական ունակությունների համար։
Ձերբակալություններից հետո հասարակության կողմից մերժված Կոնստանտինը եղբոր՝ Գարիի (Գարեգին) հետ Բաքվից տեղափոխվեց Արցախի գյուղերից մեկը։ Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Գարրին մեկնեց ռազմաճակատ, և եղբայրները փաստացի կորցրին միմյանց (նրանց հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ միայն երկու տասնամյակ անց)։
Ինչ-որ կերպ ապրել պետք էր, և 11-ամյա Կոնստանտինը սկսեց գումար վաստակել որպես դաշնակահար։ 1942 թվականին նրան աշխատանքի ընդունեցին ՀՕՊ 8-րդ կործանիչ ավիացիոն կորպուսի զինվորական նվագախմբում։ Եվ ահա մեկ տարի անց Երևանում հյուրախաղերի ժամանակ տաղանդավոր դեռահասին նկատեց Հայաստանի ջազ-նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազանը և հրավիրեց իր նվագախումբ։
Հենց այդ պահին ծագեց Կոնստանտին Օրբելյանի աստղը, քանի որ Հայաստանի ջազ-նվագախումբը լավագույններից մեկն էր համարվում ԽՍՀՄ-ում և առանձնանում էր իր պրոֆեսիոնալիզմով։
Գնաց, որ վերադառնա
Մաեստրոն երկու անգամ կարճ ժամանակով հեռացավ ջազ-նվագախմբից։ 1952 թվականին, երբ 24 տարեկան էր, որոշեց ակադեմիական կրթություն ստանալ և ընդունվեց Երևանի երաժշտական ուսումնարան, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1954-ին գերազանցությամբ ավարտեց ուսումնարանը և ընդունվեց կոնսերվատորիա։
Շուտով Օրբելյանն ուժերը փորձեց նոր ժանրում․ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հետ ստեղծեց «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը։ Կինոնկարում հնչած ստեղծագործությունները անմիջապես հիթ դարձան Խորհրդային Միության բոլոր քաղաքներում և անձամբ Արամ Խաչատրյանի բարձր գնահատականին արժանացան։
Այդ ժամանակ ջազ-նվագախումբը ճգնաժամի մեջ էր, և Օրբելյանին առաջարկեցին ղեկավարել այն՝ կոլեկտիվին ստեղծագործական խթան և թարմ շունչ տալու համար։ Նա անմիջապես չհամաձայնեց, բայց 1956 թվականին այնուամենայնիվ դարձավ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կամ պարզապես ջազ-նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը։
Նոր ծրագրի նախապատրաստումը չորս ամիս տևեց։ Հատուկ նվագախմբի համար Օրբելյանը գրեց «Դիլիջան» և «Համերգային ջազ-մարշ» պիեսները, որոնք անմիջապես սիրվեցին ունկնդրի կողմից և դարձան նվագախմբի այցեքարտը։
Երկրորդ անգամ 1960 թվականի վերջին Օրբելյանը թողեց նվագախումբը հանուն ուսման, ճիշտ է` ընդամենը մեկ տարով, որպեսզի ավարտի կոնսերվատորիան։ Երբ նա վերադարձավ, հայկական ջազը սկսեց դուրս գալ միջազգային ասպարեզ…
Ռեկորդակիր նվագախումբը
Բիգ-բենդի առաջին արտասահմանյան ուղևորությունը կայացավ 1966 թվականին Չեխոսլովակիայում Խորհրդային Միության օրերի շրջանակում։ Հաջորդ տարի անշլագով հյուրախաղեր կայացան Լեհաստանում։
70-ականների սկզբից Հայաստանի նվագախումբը մեծ ճանաչում ձեռք բերեց ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանում ՝ ելույթ ունենալով աշխարհի լավագույն համերգային հարթակներում։
1975 թվականին նվագախումբը խորհրդային ջազային կոլեկտիվներից առաջինը այցելեց ԱՄՆ։ Հայ ջազմենները 25 համերգ տվեցին Ամերիկայի խոշորագույն քաղաքներում՝ Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում, Դետրոյթում, Չիկագոյում, Փրովիդենսում: Եզրափակիչ համերգը կայացավ Նյու Յորքի «Լինքոլն կենտրոնում»։
Հաջորդեցին հրավերները Ֆրանսիայից, ապա Արևելքից՝ Հնդկաստանից, Եգիպտոսից, Իրաքից, Քուվեյթից, Սիրիայից, Լիբանանից, նույնիսկ Քենիայից և Եթովպիայից։ Շատ էին շրջագայում նաև ԽՍՀՄ- հանրապետություններում։ Որտեղ էլ ելույթ ունենային, նրանց համերգները իրադարձություն էին դառնում։
«Օրբելյանցիները» ռեկորդակիր էին համերգների (ավելի քան 8 հազար) և միջազգային ջազ-փառատոների մասնակցության թվով՝ աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Ի դեպ, նրանք երեք անգամ այդպիսի փառատոների մրցանակակիր են դարձել Լեհաստանում, ԳԴՀ-ում և ԳՖՀ-ում։
Ընդհուպ մինչև 1992 թվականը՝ շուրջ 36 տարի, երկրի գլխավոր ջազ-նվագախումբը՝ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, համարվում էր ԽՍՀՄ-ի լավագույն էստրադային-ջազային կոլեկտիվը։
Տարբեր տարիների Օրբելյանի և նրա նվագախմբի հետ համագործակցել են այնպիսի նշանավոր երաժիշտներ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Ժան Տատլյանը, Սիմոն Տերյանը, Էլվինա Մակարյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Ռոբերտ Յոլչյանը, Գրիգոր Բալաղյանը, Արմեն Թութունջյանը, Թոմաս Մադաթովը, Բորիս Անդրեասյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Արմեն Հյուսնունցը…
Նվագախումբը հռչակավոր կոմպոզիտորների (Միշել Լեգրան, Քաունթ Բեյսի, Բադդի Ռիչ, Առնո Բաբաջանյան, Յան Ֆրենկել և այլն) ստեղծագործություններին զուգահեռ կատարում էր նաև երիտասարդ հեղինակների բոլորովին նոր երգերը․ այդ հեղինակների թվում էին Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Կոնստանտին Պետրոսյանը, Ստեփան Շաքարյանը:
Մութ ու ցուրտ 90-ականներին Օրբելյանը ստիպված եղավ ցրել նվագախումբը։ Այնուհետև նա մեկնեց Լոս Անջելես, որտեղ շարունակում էր երաժշտություն գրել։ Ութ սկավառակ թողարկեց, որոնք ներառում էին ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար, փոփ և ջազային երաժշտություն։
Չնայած Նահանգներ տեղափոխվելուն՝ մաեստրոն հաճախ էր գալիս հայրենիք։ Հենց Երևանում հանդիսավորությամբ նշվեց նրա 75-ամյակը։ Իսկ 80-րդ հոբելյանը նշանավորվեց նրա թարմացված նվագախմբի մեծ համերգով…
Կոնստանտին Օրբելյանը մահացավ 2014թ.-ի ապրիլի 24-ին 85 տարեկանում: Նրա աճյունը Լոս Անջելեսից տեղափոխվեց Երևան և ամփոփվեց Քաղաքային պանթեոնում։
Այսօր ջազ նվագախումբը ղեկավարում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը։
Լրահոս
0