Քանի՞ կին կա «Աբովյան» ՔԿՀ-ում, և ինչի՞ համար են նրանք հայտնվել կալանավայրում

© Sputnik / Aram Nersesyan«Աբովյան» ՔԿՀ-ի աշխատակցուհիներ
«Աբովյան» ՔԿՀ-ի աշխատակցուհիներ - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կանանց կալանավայրում մեծ թիվ են կազմում 35-45 տարեկանները։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում է մինչև 3 տարեկան երեխա ունեցող 2 կալանավորված անձ, իսկ հղի և կրծքով կերակրող կին ՔԿՀ-ում չկա։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական հիմնարկը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշենք, որ շուրջ 3 շաբաթ առաջ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի` ՀՀ-ում կբացառվի վերը նշված անձանց դեպքում պատժախուց տեղափոխվելը։
Մենք քրեակատարողական ծառայություն հարցում էինք ուղարկել` պարզելու, թե ՀՀ-ում կալանավորված ու դատապարտված կանանց շրջանում քանիսն են կերակրող մայր, հղի, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք ու անչափահասները։
Քանի՞ անձ է պահվում «Աբովյան» ՔԿՀ-ում
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում է 63 անձ, որից 38-ը կալանավորված է` 33-ը` կին, 4 անչափահաս տղա և 1 չափահաս տղա (մինչև 21 տարեկան), 25 դատապարտյալ (կին)։
Ըստ տարիքի և սեռի դատապարտյալների ու կալանավորվածների թիվը
«Աբովյան» ՔԿՀ-ում մինչև 18 տարեկանների շրջանում իգական սեռի ներկայացուցիչ չկա, բոլորը տղաներ են, ու նրանք 4-ն են։
Կանանց կալանավայրում մեծ թիվ են կազմում 35-45 տարեկանները` 23 հոգի, 18-ից մինչև 25 տարեկանների շրջանում իգական սեռի ներկայացուցիչները 4-ն են, իսկ արական` 1-ը։ 25-35 տարեկանները 20 հոգի են, իսկ 45-60 տարեկանները` 9։ ՔԿՀ-ում գտնվում են նաև 60 տարեկանից բարձր կանայք, նրանք 2-ն են։
«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել կոշիկների ներբաններում
Ինչո՞ւ են հայտնվել ՔԿՀ-ում
Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանություն) իգական սեռի կալանավորված 4 անձ կա, 2 դատապարտյալ, իսկ արական սեռի կալանավորված 3 անձ, որոնցից 1-ը մինչև 21 տարեկան է։
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար դատապարտված է 2 կին, ամենամեծ թվով դատապարտվածներն այնտեղ են հայտնվել խարդախության համար` 5 անձ, ևս 7-ը կալանավորված է։ Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար կալանավորված է 11 կին, իսկ դատապարտված` 2-ը։ Եվս 2 հոգի դատապարտված է ավազակության համար։
Մեկական կանայք էլ դատապարտված են տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի մեքենա վարելը կամ ոչ սթափ վիճակում վարելուց հետո սթափության զննություն անցնելուց հրաժարվելու, պետական դավաճանության, անօրինական միգրացիայի կազմակերպման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մարդուն թրաֆիքինգի ենթարկելու կամ շահագործելու համար։
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա պահին կա նաև 1 կալանավորված կին, որն այնտեղ է գտնվում ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածով հանցանք կատարելու` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար։
Անչափահասների կալանավայրում էլ 1 հոգի կալանավորված է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, 1-ն էլ` ավազակության համար։
Կինը փորձել է թմրամիջոց փոխանցել «Վանաձոր» ՔԿՀ–ում գտնվող ամուսնուն
Լրահոս
0