Նոր բացահայտում. պարզվում է՝ բոլոր պարտությունների պատճառը «մահը նախընտրող» ժողովուրդն է

© SputnikՄարտունին գնդակոծությունից հետո. 28.09.2020
Մարտունին գնդակոծությունից հետո. 28.09.2020 - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2022
Մարտունին գնդակոծությունից հետո. 28.09.2020. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Վերջին պատերազմից հետո առաջ քաշած վարկածը, թե ներկա իշխանությունների օրոք կրած ցավալի պարտության մեղավորը նախկին իշխանություններն են, մի տեսակ չմարսվեց, մինչև վերջ այդպես էլ չընդունվեց հասարակության առնվազն մի զգալի մասի կողմից։
Ինչ-որ բան պակասում էր, միգուցե բավարար ընդգրկուն, գլոբալ, համազգային չէր։ Եվ ի վերջո ասպարեզ նետվեց շատ ավելի մասշտաբային մի վարկած՝ բոլորս ենք մեղավոր, ազգովի։ Պարզապես մեջբերեմ մի հատված իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումից.
«Սխալվել ենք 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ենք ընտրել մահը»։
Նոր բացահայտում. պարզվում է՝ բոլոր պարտությունների պատճառը «մահը նախընտրող» ժողովուրդն է
Երևի հասկանում եք, որ խոսքը Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին է, որի նկատմամբ գործող իշխանության ներկայացուցիչները շատ լուրջ վերապահումներ ունեն։ Եվ դա, իհարկե, լիովին արդարացված է՝ հո իզո՞ւր չեն ասում, որ բոլոր համեմատությունները կաղում են։
Սակայն երբ հերթական անգամ լսում եմ, թե այն ժամանակ՝ 90-ականների առաջին կեսին, ուժերը հավասար էին, միշտ խորհուրդ եմ տալիս՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին չեք հավատում, որը փաստել է, մեջբերեմ. «Պարզվեց, որ Ադրբեջանում երեք անգամ ավելի զենք կա, քան Հայաստանում», գոնե անկախ փորձագետներին լսեք, որոնցից մեկը՝ Թոմաս դե Վաալը իր «Սև այգի» գրքում նկատել է. «Հայաստանում տեղեկայված էր ընդամենը երեք դիվիզիա, իսկ ռազմական օդանավակայաններ առհասարակ չկային։ Ադրբեջանը, մինչդեռ, համարվում էր հնարավոր բախման թիկունքային գոտի և ավելի խոշոր ուժերի կենտրոնացման վայր՝ հինգ դիվիզիա և հինգ ռազմական օդանավակայան։ Հայաստանում կար ընդամենը հինգ հարյուր երկաթուղային վագոն զենք, իսկ Ադրբեջանում ՝ տասը հազար վագոն»։
Բայց սա՝ իմիջիայլոց։ Ամենահատկանշականն այն է, որ իշխանական պատգամավորը իր գրառման մեջ այն ժամանակվա հաղթանակը չակերտների մեջ է առնում։ Համաձայնե′ք, բացարձակ որևէ արտառոց բան չկա՝ եթե 2020-ին տեղի ունեցածը ամենևին պարտություն չէր, ուրեմն, բնականաբար, 90-ականներին կատարվածն էլ բոլորովին հաղթանակ չէր։ Սա կոչվում է հասկացությունների միախառնում, երբ մարդն ի վերջո կորցնում է կողմնորոշումը և հայտնվում կատարյալ անորոշության մեջ։ Իսկ նման հասարակությունը պարզապես գանձ է ցանկացած իշխանության համար, պլաստիլին, որից կարելի է ծեփել՝ ինչ սիրտդ կամենա։
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
Ավելին, մարդուն կարելի է հեշտությամբ համոզել, որ մածունը սև է, բայց ամենակարևորը՝ որ ներկա պարտության պատճառը միայն ու միայն 30 տարի առաջ տարած հաղթանակն է։ Ա′յ, եթե այն ժամանակ ադրբեջանցիներն ավարտին հասցնեին այն, ինչ նկարագրում է Թոմաս դե Վաալը, չէր լինի նաև 2020-ի պատերազմը։
Լսենք փորձագետին. «1992 թվականի հունիսի կեսերին հազարավոր մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղով ուղղվեց դեպի հարավ՝ թշնամու գրոհից առաջ լքելով տները։ Տեսաժապավենը արձանագրել է մարդկանցով լեցուն բեռնատարները փոշոտ ճանապարհներին։ Շատերը գնում են ոտքով։ Գյուղացիներ են՝ գլխաշորերով ծեր կանայք, երեխաներին գրկած երիտասարդ կանայք։ Հայ փախստականների ալիքը հարուցել էր ադրբեջանցիների անակնկալ գրոհը, որը նրանք սկսեցին 1992 թվականի հունիսի 12-ին և շատ արագ գրավեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հյուսիսը։ Շահումյանի շրջանը ադրբեջանցիները գրավեցին չորս օրվա ընթացքում։ Հաջորդ երեք շաբաթների ավարտին գրավվեց Մարտակերտի շրջանը»,- գրում է Թոմաս դե Վաալը։
Ընդամենը մի հարց ես ուզում ուղղել իշխանական պատգամավորին՝ երբ պնդում եք, թե 30 տարի առաջ հայերը քարոզի ազդեցության տակ «ընտրել են մահը, ոչ թե կյանքը», դուք հենց այս հազարավոր փախստականների՞ն նկատի ունեիք։ Ախր, նրանք հենց մահից էին փախչում, կյանք էին տենչում։ Ու բոլորովին էլ կուրացած չէին հաղթանակներով, որովհետև այն ժամանակ՝ 30 տարի առաջ, ոչ մի հաղթանակ էլ չկար՝ ո′չ իրական, ո′չ էլ չակերտավոր։
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի» ադրբեջանական թեզը՝ գործողության մեջ
Հասկանալի է, իհարկե, որ վերջին պարտության իրական մեղավորներին կոծկելու ամենալավ ձևը՝ պատասխանատվությունը անխտիր բոլորի ուսերին բարդելն է։ Ու գիտե՞ք, երբ տեղեկատվություն տարածվեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է հրավիրել նաև Վարդան Օսկանյանին և Ժիրայր Լիպարիտյանին, շատերը պարզապես զարմացան՝ լա′վ, վաղուց արդեն որևէ պաշտոն չզբաղեցնող այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն 2020-ի պատերազմի հետ։ Բայց ծանոթներիցս մեկը շատ լավ բացատրեց. «Եթե պնդում են, որ անխտիր բոլորն են մեղավոր, ուրեմն շուտով խորհրդարանական հանձնաժողովը կհարցաքննի նաև Ադամին ու Եվային։ Ասում են՝ ամենամեծ մեղավորը հենց իրենք են եղել»։
Լրահոս
0