Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հարկային օրենսգրքի բացթողումները նպաստում են տնտեսվարողների անբարեխղճ վարքագծին. Պարսյան

Հարկային օրենսգրքի բացթողումները նպաստում են տնտեսվարողների անբարեխղճ վարքագծին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տնտեսագետի խոսքով` շահութահարկի թերհայտարարագրման հիմնական պատճառներից մեկն այն է, որ դեռ 25-30 տոկոսով պահպանվում է ստվերային տնտեսությունը։
Շահութահարկի հայտարարագրման հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ վերջին տարիների ընթացքում հարկային օրենսդրությունը պարբերաբար փոփոխվել է։ Երբ 2016 թվականին ընդունվում էր հարկային օրենսգիրքը, հայտարարվեց, որ այն լինելու է մնայուն, երկարաժամկետ, տնտեսվարողներն իրենց քաղաքականությունը կարող են մշակել մի քանի տարվա համար, բայց ընթացքում պարզ դարձավ, որ այդ օրենսգիրքն ունի բազմաթիվ թերություններ, ինչը բացասական ազդեցություն է թողնում հարկային վարչարարության և տնտեսվարողների բարեխղճության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նշենք, որ ՊԵԿ–ի վերլուծության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկ վճարողները շահութահարկի հաշվարկը ներկայացրել են առանց որևէ թվային հիմնավորման, սխալ հաշվարկված, հաճախ հաշվարկները որևէ աղերս չեն ունեցել հարկ վճարողի ներկայացրած տարեկան եկամուտի հետ, և այդ ամենի արդյունքում տնտեսվարողները 2021թ–ին 4 միլիարդ դրամով պակաս շահութահարկ են հայտարարագրել։ Այդ գումարը վերականգնվել է վերահաշվարկից հետո։
«Շահութահարկի ճիշտ հայտարարագրման խնդիրը նոր չէ, տասնամյակներ շարունակ կա, պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։ Անկախ նրանից, թե ինչ աշխատանք է արվել վերջին շրջանում անկանխիկ գործարքներն ավելացնելու, հաշվետվության տարբեր մեթոդներ ներդնելու միջոցով, միևնույն է` խնդիրը պահպանվում է»,– ասաց տնտեսագետը։
Պարսյանի խոսքով` շատ հաճախ տնտեսվարողները չեն հասցնում հարկային նոր փոփոխություններն ուսումնասիրել, ինչի արդյունքում ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը համահարթ եկամտահարկի քաղաքականության շրջանակում հայտարարում էր` եթե շահութահարկի դեպքում 20 տոկոսը դարձվի 18 տոկոս, ապա դա խթան կհանդիսանա, որպեսզի տնտեսվարողները հայտարարագրեն իրական շահույթները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ խթանն էլ բավարար չէ, որ տնտեսվարողները բարեխղճորեն ներկայացնեն իրենց շահութահարկի իրական հաշվարկը։
«Մյուս գործոնն այն է, որ դարձյալ հարկային օրենսդրության դեպքում պահպանվում է այն դրույթը, որ եթե ստուգման ընթացքում բացահայտվում է այս կամ այն չարաշահումը կամ բացթողումը, տնտեսվարողը կարող է ճշգրտում անել ու ազատվել տուգանքից, և միայն տույժերն են հաշվարկվում, որոնք բավականին փոքր տոկոս են կազմում։ Այսինքն` տնտեսվարողները հաճախ գիտեն իրենց սխալը, բայց դա պահում են ստուգման ընթացքում։ Եթե ստուգողն իր հերթին անբարեխիղճ լինի ու մատների արանքով նայի գործընթացին, տնտեսվարողները բնականաբար կօգտվեն դրանից ու շահութահարկ չեն մուծի պետբյուջե»,– ասաց տնտեսագետը։
Պարսյանի դիտարկմամբ` հարկային օրենսգրքում ներդրված է մեխանիզմ, ինչը թույլ է տալիս անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահել այն և գիտակցված կերպով խնդիրներ թողնել` հույս ունենալով, որ եթե ապագայում բացթողումը չբացահայտվի, ապա դա օգուտ կլինի իրենց համար։ Ըստ նրա` շահութահարկի վճարման համակարգը, որը փորձում է վերահսկել կառավարությունը, բավարար մեխանիզմներով օժտված չէ, իսկ ՊԵԿ–ի ուսումնասիրությունները կատարվում են լոկ փաստացի ցուցանիշների հիման վրա, հետևաբար շահութահարկի թերհայտարարագրման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ դեռ 25-30 տոկոսով պահպանվում է ստվերային տնտեսությունը։
Լրահոս
0