Fitch-ի` Հայաստանի վարկանիշի կանխատեսումը կայուն է. այն «B+» մակարդակում է

© Sputnik / Виталий БелоусовFitch Ratings
Fitch Ratings - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Fitch Ratings
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործակալությունը Հայաստանի համար ՀՆԱ–ի աճ է կանխատեսել 6,4 տոկոս` 2022 թվականին և մինչև 4,7 տոկոս 2023-2024 թվականներին։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում, ինչը նշանակում է, որ կանխատեսումը կայուն է։
Ինչպես հայտնում է գործակալության կայքը, «Հայաստանի «B+» վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարման և գործարար միջավայրի ցուցանիշները՝ համեմատած համապատասխան զարգացման մակարդակ ունեցող երկրների հետ, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության և ԱՄՀ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ամուր հանձնառությունը:
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է զեկույցում, երկրի տնտեսական ուժեղ կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը:
Fitch-ը որպես բացասական գործոն է նշում նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկերը, որոնք ազդում են երկրի տնտեսության վրա, թեև միաժամանակ չի կանխատեսվում, թե դրանք լուրջ հետևանքներ կունենան։ «Վերջին ամիսներին Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացել են, օգոստոսին Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են երկու կողմերի զոհերի, և Ադրբեջանը հայտնել է նաև տարածքային նվաճումների մասին: Ակնկալվում է, որ կարճաժամկետ հեռանկարում լարվածությունը բարձր կմնա, քանի որ Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղից նախկինում տարհանված բնակիչներին վերաբնակեցնել, թեև Fitch-ը ներկայումս չի կանխատեսում, որ դա ավելի լայն մակրոտնտեսական ազդեցություն կունենա», - ասվում է վարկանիշային գործակալության զեկույցում:
Աշխարհաքաղաքական գործոնների մասով հիմնականում հիշատակվում է Ռուսաստան–Ուկրաինա կոնֆլիկտի հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։
Նշվում է, որ մինչ այդ Ռուսաստանն է եղել տրանսֆերտների 32%-ի աղբյուրը։ Ռուսաստանից կախման մեջ է նաև Հայաստանի էներգետիկ համակարգը։
«Քիչ նշաններ կան, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը կարող է տեղի ունենալ կարճ և միջնաժամկետ հեռանկարում»,– ասված է զեկույցում:
Գործակալությունը Հայաստանի համար ՀՆԱ–ի աճ է կանխատեսել 6,4 տոկոս` 2022 թվականին և մինչև 4,7 տոկոս 2023-2024 թվականներին։
Հիշեցնենք, որ Fitch–ը Հայաստանի համար «B+» վարկանիշ էր կանխատեսել դեռ 2022թ–ի մարտին։ Այսինքն` ամիսներ անց վարկանիշը մնացել է անփոփոխ։
Լրահոս
0