Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դեռ կան վարորդներ, ովքեր հոժարկամ չեն փորձարկում իրենց գազաբալոնները

Սարադյան. Դեռ կան վարորդներ, ովքեր հոժարկամ չեն գալիս և չեն փորձարկում իրենց գազաբալոնները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Սերգեյ Սարադյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման գործընթացին։
Մեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման գործընթացն ընթանում է բնականոն հունով, թեև դեռ կան վարորդներ, ովքեր հոժարկամ չեն գալիս և չեն դիմում մասնագիտացված կազմակերպություններին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» ընկերության տնօրեն Սերգեյ Սարադյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:
Մեկ տարում ՀՀ–ում բոլոր գազաբալոնային սարքավորումներով մեքենաները կփորձաքննվեն
«Էլեկտրոնային հարթակում գրանցված վարորդներից շատերը դեռ չեն դիմել իրենց գազաբալոնները ճնշափորձարկման ենթարկելու համար։ Մինչև օրենքը խստորեն չպահանջի ու չտուգանի անպարտաճանաչ վարորդներին, կամ եթե իմանան, որ իսկապես իրենց մեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորելու, նրանք երբեք չեն գա և նույնիսկ իրենց անվտանգության նկատառությամբ չեն փորձարկի իրենց մեքենայի գազաբալոնը»,– ասաց «ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» ընկերության տնօրենը։
Սարադյանը հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ անգամ հերթագրված վարորդներից շատերն են հրաժարվում ճնշափորձարկել իրենց գազաբալոնները, պարզապես մոտենում են ու ասում, որ իրենց հերթ տան էլեկտրոնային համակարգում հնարավորինս ուշ, որ կարողանան գազալցակայաններում լիցքավորել իրենց մեքենաները, բայց չեն ուզում ճնշափորձարկել գազաբալոնները։
«Առաջ մեզ մոտ նույնպես նկատվում էին կուտակումներ։ Այսօր էլ ամենօրյա ռեժիմով հերթագրում ենք մոտ հիսուն հոգու, սակայն հերթագրվածներից գոնե 4-5 հոգին չեն դիմում, որպեսզի իրենց մեքենաների գազաբալոնները փորձարկենք։ Այն ժամանակ, երբ աշխատանքներն ընթանում էին գերծանրաբեռնվածությամբ, օրվա կտրվածքով սպասարկել ենք նույնիսկ 150 մեքենայի, մինչդեռ հիմա մեր գործունեությունը զգալիորեն թեթևացել է, օրական սպասարկում ենք 60-70 մեքենա»,– ասաց Սարադյանը։
Վարորդներից ոմանք ասում են, որ մեքենան վաճառելու են, ոմանք չեն հավատում, որ օրենքը վերջնական տեսքով անպայման կկիրառվի, առավել ևս, որ 2000–ական թվականներից սկսված մեքենաների գազաֆիկացման աշխատանքներին զուգահեռ պարբերաբար խոսվել է անվտանգության խնդրի մասին, սակայն գործը միշտ կիսատ է թողնվել։ Սարադյանի դիտարկմամբ`այս անգամ կառավարությունը լրջորեն գործի է անցել։
«Օրենքին չենթարկվելու պարագայում տույժերը պետք է բարձրացվեն։ Տեսչությունը չփորձարկված, առանց վկայականի գազաբալոնը լիցքավորելու դեպքում գազալցակայանին տուգանում է 200 հազար դրամով, բայց այդ գումարն առ ոչինչ է տնտեսվարողի համար։ Կվճարեն և իրենց հաճախորդներին չկորցնելու համար կշարունակեն նույն կերպ գործել։ Քանի դեռ գազալցակայանները վարորդներից չեն պահանջի գազաբալոնների փորձարկման վկայականները, այս ոլորտը չի կարգավորվի, հետևաբար պետությունը պետք է ուժեղացնի վերահսկողությունը»,– ասաց «ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» ընկերության տնօրենը։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 1-ից չպետք է լիցքավորվեն տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից։
Երևանում և մարզերում այս պահին գործում է 41 լիցենզավորված կազմակերպություն:
Լրահոս
0