Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին

© Sputnik / Aram NersesyanԶոհված զինծառայողների հարազատներ. արխիվային լուսանկար
Զոհված զինծառայողների հարազատներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ և այժմ աջակցություն են պահանջում ընդդիմադիր ուժերից։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե պետք է դադարեցնել սուգը և սկսել հպարտանալ զոհվածներով։
Մասնավորապես, զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, նշեց, որ զոհվածների հարազատներն ու ծնողներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել «իշխանությունների ցինիկ հայտարարությունները»։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ ծնողի համար հպարտություն է երեխա կորցնելը, ապա ես շատ ցավում եմ, ցանկանում եմ նրան այն ծնողների կյանքը, որոնց հիմա այստեղ տեսնում եք։ Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա»,- ասաց նա։
Մանասյանն ընդգծեց, որ ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ։ Նա քաղաքացիներին հորդորեց համախմբվել և աջակցել իրենց։ Միաժամանակ նա նշեց, որ մասնակիցներից ոչ մեկը չի ցանկանում ղեկավարել ընդդիմադիր շարժումը, ուստի պահանջում են, որ իշխանության դեմ համախմբվեն և պայքար սկսեն 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները։
Ծնողների հետ հանդիպման էր եկել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել, որի օրակարգում սահմանային իրավիճակի հարցն է։ Քննարկելու են նաև զոհվածների ծնողների պահանջը շարժում սկսելու վերաբերյալ։
«Մենք երբեք ծնողներին մենակ չենք թողել և բոլոր դեպքերում աջակցել ենք: Նրանց պահանջը կքննարկենք, որոշում կկայացվի։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, մենք պատրաստվում ենք այնպիսի քայլերի գնալ, որոնք իրատեսական կլինեն և արդյունք կտան»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկաններն այսօր թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։
Լրահոս
0