В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հրթիռակոծությունից վնասվել էին Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը. Սանոսյան

© SputnikԳնել Սանոսյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Գնել Սանոսյանը պատասխանում է լրագրողների հարցերին - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Գնել Սանոսյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գնել Սանոսյանը նշեց, որ հրթիռակոծության հետևանքով խախտվել էր Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ—ն հրթիռակոծել էր նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը։ Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։
«Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ–ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` դիտավորյալ խախտվեց Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն թիրախավորել էր նաև Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։
Նախարարը հավելեց, որ կան ենթակառուցվածքներ, որ վերականգնվել են՝ ճանապարհները, գազն ու հոսանքը։ Իսկ հիմա փորձում են վերականգնել քիչ վնասված տները։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:
Լրահոս
0