Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան ներկայիս չափանիշներով չի համապատասխանում եվրոպական արժեհամակարգին. թուրքագետ

Թուրքիայում ժողովրդավարական արժեքների համար պայքարողները բանտարկված են կամ լքել են երկիրը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի` ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները նախկինի պես փակուղում են։
Թուրքիային առնչվող խնդրահարույց թեմաները վերջին տասնամյակներին բարձրաձայնվում են Եվրամիության կողմից` նշելով, որ այդ երկիրը ներկայիս չափանիշներով չի համապատասխանում եվրոպական արժեհամակարգին ու ԵՄ չափանիշներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանը։
Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ–ից։ Երկրում լուրջ հետընթաց է նկատվում ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիների հիմնական իրավունքների և անկախ դատական համակարգի ոլորտներում։ Այդ հարցերի շուրջ տարվող երկխոսությունը շարունակում է ԵՄ–ի և Թուրքիայի հարաբերությունների անբաժան մաս կազմել։

«2000-ական թվականների սկզբին Թուրքիայի ներքին կյանքին վերաբերող իրավական կարգավորումները, որոնք տվյալ երկիրը պետք է դարձնեին ավելի անկաշկանդ, որոշակի լավատեսության հույս էին ներշնչում, բայց հիմա այդ լավատեսությունը չկա»,– նշեց թուրքագետը։

Դա այն ժամանակահատված էր, երբ որոշակի առաջընթաց էր գրանցվել ժողովրդավարական արժեքների տարածման ու հիմանվորման առումով, սակայն վերջին տասնամյակում Թուրքիան իսկապես զգալի հետընթաց է արձանագրել։ Բոլոր անհատները, ովքեր 2000–ականների սկզբին մեծ ներդրում են ունեցել ժողովրդավարության զարգացման, մտքի, խղճի ու խոսքի ազատության պաշտպանության գործում, այժմ կամ բանտարկված են, կամ հեռացել են Թուրքիայից։
«Սա այն ցուցիչն է, որը վկայում է, թե վերջին տասնամյակում ինչ է տեղի ունեցել և որոնք են ժողովրդավարական արժեքներից նահանջելու միտումները։ Տվյալ հանգամանքը ԵՄ–ի կողմից բերվում է որպես փաստարկ, թե ինչու է Թուրքիայի անդամակցության հարցն այսպես առկախված»,– ասաց մեր զրուցակիցը։
Թուրքագետի խոսքով` երկրորդ կարևոր գործոնը վերաբերում է հարևանների հետ հարաբերություններին։ ԵՄ–ն նշում է, որ Թուրքիան չի հարգում հարևաններին, աչք ունի նրանց տարածքների և ինքնիշխանության նկատմամբ։
ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դեռ փակուղում են
«Մյուս կողմից էլ Եվրամիությունն ընդգծում է Թուրքիայի նշանակությունը, որովհետև ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում այդ երկիրը լոգիստիկ առումով իր ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար մեծացրել է։ Այդուհանդերձ պետք է նշել, որ եվրոպական երկրները չեն ցանկանում իրենց միության մեջ տեսնել մի երկրի, որտեղ կան ավտորիտար կառավարման ձևեր կամ նման միտումներ»,– ասաց Վեզիրյանը։
Նշենք, որ Թուրքիան 1963-ին ԵՄ-ի (այն ժամանակ՝ ԵՏՄ) հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Այժմ բաց են բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ը։
Լրահոս
0