Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ երեկոյան կրակել է սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
10:27 17.10.2022 (Թարմացված է: 10:33 17.10.2022)
© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
© Sputnik / Asatur Yesayants
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն էր տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։