ՀՀ–ում ՆԳՆ–ն ու արտաքին հետախուզական ծառայությունը կստեղծվեն 2023թ–ին

© Sputnik / Aram NersesyanԻրավապահներ
Իրավապահներ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Իրավապահներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետն ընդգծեց, որ արտաքին հետախուզական ծառայության գործունեության մեջ գաղտնիությունը շատ է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2023թ–ին Հայաստանում նախատեսվում է ստեղծել երկու կարևոր պետական կառույց` ներքին գործերի նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն։ Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն կառավարության կողմից և կուղարկվեն ԱԺ։ Ես հույս ունեմ ու աջակցություն եմ ակնկալում»,– ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը ստանդարտ պետական մարմնին հատուկ գործունեություն չի լինելու, դրանում գաղտնիությունն ավելի շատ է լինելու, քանի որ հակառակ պարագայում կառույցն իր իմաստը կկորցնի։
«Դա ինստիտուտի կայացման նպատակով է արված, և խնդրում եմ ձեր ընմբռնումն ու աջակցությունը այս մոտեցման նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանում այսօր մեծ թափով իրականացվում է պարեկային ծառայության ներդրման գործընթացը, որը, նրա գնահատմամբ, նոր որակի ոստիկանություն ստեղծելու առաջին քայլն է։
Համակարգում պետք է աշխատավարձերը շոշափելի բարձրանան. Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք` ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսին հայտնել էր, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։
Լրահոս
0