Առաջին անգամ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել, քան համավարակից առաջ

© Sputnik / Arpi BeglaryanԳառնի
Գառնի - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2022
Գառնի
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը շարունակում է ռուսաստանցիների անվտանգ հանգստի համար հարմար երկրների ցանկում մնալ։ Այդ պատճառով զբոսաշրջային այցերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներին է բաժին հասնում։
Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը նոյեմբերին գերազանցել է 2019 թվականի նույն ամսվա ցուցանիշը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է մեր երկիր զբոսաշրջային այցելությունների աճի ներքին և արտաքին պատճառները։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստան 1.54 մլն զբոսաշրջիկ է ժամանել։ Ընդ որում, 2019 թվականից սկսած առաջին անգամ, մեկ ամսվա ցուցանիշները գերազանցվել են. միայն 2022 թվականի նոյեմբերին 144 576 զբոսաշրջային այց է գրանցվել 2019 թվականի նույն ամսվա 140 376–ի համեմատ (2021 թվականի նոյեմբերին երկիր է ժամանել 85 762 զբոսաշրջիկ)։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ապրեսյանը նշեց, որ այդ այցերի մեծ մասը (47%–ը) պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքով։ Այնուհետև, ՌԴ–ից հետո մեծ տարբերությամբ, գալիս են Վրաստանը, Իրանը, ԱՄՆ–ն և Գերմանիան։
«Պետք չէ մոռանալ, որ Ուկրաինայի ճգնաժամի և զորահավաքի ֆոնին Հայաստանը Ռուսաստանից այցելուների երկու հոսք ընդունեց։ Մի մասը եկավ, որպեսզի ժամանակավոր այստեղ հաստատվի, մյուս մասն իսկապես զբոսաշրջիկներ են», – ասաց Ապրեսյանը։
Նրա խոսքով` ներկայումս Հայաստանը զգալի ավելացրել է մրցակցային իր առավելությունները։ Այսպես, օրինակ, վերջին տարիներին մեզ մոտ բարելավվել է HoReCа ոլորտը (Hotel, Restaurant, Cafe – խմբ.), ինչպես նաև զարգացել են հոսթելները։ Ռուսաստանցիներն այստեղ իրենց հարմարավետ են զգում, բացի այդ, ռուբլու կուրսն էլ ավելի կայուն է, քան այլ երկրներում։ Մասնագետը պնդում է, որ նման ցուցանիշներ չէին կարող գրանցվել առանց պետական և մասնավոր հատվածների լավ աշխատանքի։ Բացի այդ, աշխարհում Հայաստանի մասին իրազեկվածությունն է բարձրացել։
Միևնույն ժամանակ Ապրեսյանը հորդորեց չթուլանալ բարձր ցուցանիշների ֆոնին։ Նա պարզաբանեց, որ ոլորտն իսկապես վերականգնման ճանապարհին է, սակայն աճ է գրանցվել բացառապես անհատական այցերի հաշվին։
Սիրուն և հեքիաթային է. զբոսաշրջիկները և ՀՀ քաղաքացիները տպավորված են հրապարակի միջոցառմամբ
«Հայաստանում կազմակերպված զբոսաշրջությունը դեռ այդքան էլ զարգացած չէ, այն դեպքում, երբ դա է զբոսաշրջային ոլորտի հիմնաքարը»,– ասաց Ապրեսյանը։
Համապատասխան կառույցներին նա կոչ արեց զբաղվել այդ հարցով, քանի որ հակառակ դեպքում այս տարվա ցուցանիշները կարող են միայն ժամանակավոր բնույթ կրել։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 926 353 մարդ։ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով այցելուների թիվը 6 անգամ կրճատվեց` հասնելով 375 216-ի։
Լրահոս
0