120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից. Արցախի ՄԻՊ
13:12 12.12.2022 (Թարմացված է: 13:35 12.12.2022)
© Sputnik / Aram NersesyanԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը

© Sputnik / Aram Nersesyan
Ներկա պահին, ըստ Գեղամ Ստեփանյանի, Լաչինի միջանցքի հատվածում հավաքված ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները 2-3 վրան են տեղադրել, և նրանց թիվը հասնում է 30-ի։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս պահին Լաչինի միջանցքի հատվածում է, տեղում դիտարկում է իրականացնում և փաստերն է հավաքագրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին։
«Այս պահի դրությամբ Ացախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Եթե այս պահին Ստեփանակերտում որևէ մեկը շտապ բժշկական օգնության կարիք ունենա և անհրաժեշտ լինի անձին տեղափոխել Գորիսի կամ Երևանի որևէ բժշկական հաստատություն, դա հնարավոր չի լինի իրականացնել։ Չեմ խոսում դեղորայքային մատակարարումների մասին։ Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- նշեց Ստեփանյանը։
Ստեփանյանը նաև հռետորական հարց ուղղեց` որտե՞ղ էին այդ նոր ակտիվացած բնապահպանները, երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ։
Նա նշեց` շատ հստակ երևում է, որ այս ամենը կեղծ է, ու բնապահպանական խնդիրներն ադրբեջանցիները որպես պատրվակ են օգտագործում՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց։
Ստեփանյանը ֆորումի մասնակիցներին և առհասարակ միջազգային հանրությանը կոչ արեց ոչ միայն խոսել, այլև գործել, քանի որ Արցախում ապրող 120 հազար մարդ գտնվում է ցեղասպանության և էթնիկ զտման ուղիղ վտանգի ու սպառնալիքի ներքո։ Նա շեշտեց, որ միջազգային հանրությունից գրեթե ոչ մեկն Արցախ չի այցելել և խնդրեց վերջիններիս գործադրել մեխանիզմներ՝ կանխելու ցեղասպանության վտանգը։
«Ներկա պահին Լաչինի միջանցքի հատվածում հավաքված ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները 2-3 վրան են տեղադրել, և նրանց թիվը հասնում է 30-ի։ Նրանց ձեռքերում նաև պաստառներ կան։ Հստակ տեսնում եմ նաև, որ այս գործողություններն ուղղված են ռուսական զորակազմի դեմ, սա փաստում են նաև օրերս ադրբեջանցի լրագրողների սադրանքները։ Խնդիր է դրված հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և հող նախապատրաստել, որպեսզի 2025 թվականից հետո չերկարացվի ռուս խաղաղապահների ժամկետը (ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության,- խմբ․)»,- ասաց Ստեփանյանը։
Նա վստահեցրեց, որ խնդրի կարգավորմամբ այս պահին զբավում է ռուս խաղաղապահների զորակազմը, քանի որ այդ ճանապարհի և Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուն նրանք են։
Ինչպես հայտնել ենք, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ այսօր, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 3–ին նույնպես նույն հատվածում ու նույն պատճառաբանությամբ նրանք կրկին փակել էին ճանապարհը։
Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։