Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 15–ի ժամը 20։00–ի սահմաններում կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն անցած գիշեր կրակ էին բացել երկու ուղղությամբ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) և Սրաշենի (Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Լրահոս
0