ՊԵԿ պաշտոնյաները ապրանք ներկրողներից կաշառք են վերցրել. ԱԱԾ–ն 12-ին ձերբակալել է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդհանուր առմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք կաշառք–գումարներ են ստացել տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած՝ մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ ամենն արվել է ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու և անխոչընդոտ մաքսազերծման համար։ ՊԵԿ պաշտոնյաները կաշառքը ստացել են ՀՀ դրամով կամ արտարժույթով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:
Նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: ԱԱԾ–ից հայտնում են, որ ապօրինի գործողությունները կատարվել են 2022 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2023 թվականի հունվարը։
«Բացի դրանից, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձը` մեկ այլ պաշտոնատար անձին չմերկացնելու դիմաց օգտագործել է իր պաշտոնեական լիազորությունները և նույնպես կաշառք–գումար պահանջել և ստացել։ Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել է ավելի քան 30 խուզարկություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաև ապօրինի պահվող հրազեններ, որոնց դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են սույն քրեական վարույթին:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Լրահոս
0