Առավելագույնս կաջակցենք ԵՄ առաքելության սահուն մեկնարկին. Հովհաննիսյանն ընդունել է Թոմատին
16:28 20.02.2023 (Թարմացված է: 16:29 20.02.2023)
© Photo : official site of MFA of RA Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատին

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատին
© Photo : official site of MFA of RA
Պարույր Հովհաննիսյանի և Ստեֆանո Թոմատի հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանը առավելագույնս կաջակցի ԵՄ առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում: ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։
«Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը»,– ասված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
© Photo : official site of MFA of RA Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատին

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատին
© Photo : official site of MFA of RA
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: