«Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը». Փաշինյանը դիմել է արցախցիներին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է բազմապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հրապարակված ուղերձում։

«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը»,– նշել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ միաժամանակ շարունակվելու են արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական քայլերը: Ըստ նրա` այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք:
Այնուհետև Փաշինյանը դիմել է արցախցիներին։
«Սիրելի արցախցիներ, եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար:
Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին
Լրահոս
0