Սակուրան չի կարող մրցել հացենու հետ. ըստ մասնագետի` կանաչապատումը 90-ականների մակարդակին է

© Sputnik / Asatur YesayantsՔրիստինա Վարդանյանը ասուլիսի ժամանակ
Քրիստինա Վարդանյանը ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Քրիստինա Վարդանյանը ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրիստինա Վարդանյանը նշում է` երբ Երևանին ասում են վարդագույն քաղաք, խոսքը վարդերի և վարդագույն տուֆի մասին է, ոչ թե սակուրաների, որոնք հիմա ուզում են տնկել Երևանի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կանաչապատման առումով Երևանը 90-ականների մակարդակին է գտնվում. վերականգնման գործընթացը չի գնում այն տեմպով, ինչ ներկայացվում է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևան քաղաքի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը։
Ավելին, եթե 1990-ին մենք 903 հեկտար կանաչ գոտի ունեինք, ապա 2020-ի տվյալներով այն 867 հեկտար է դարձել։
«Ասում են` շինարարական բում կա Երևանում, սակայն այն վերջանալու է բնակչության առողջության ցուցանիշների կտրուկ վատթարացմամբ, քանի որ շատ բարձր է օդի աղտոտվածության մակարդակը։ Աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ շինարարություն անել այնպես, ինչպես հիմա արվում է Նորքի լանջին` բաց ձևով, Սարալանջի հատվածում, երբ հողն ինջնում է քաղաքի վրա։ Այս ամենի վրա որևէ ձևով հսկողություն չկա»,–ասաց մասնագետը։
Նրա խոսքով` 30 տարիների ընթացքում քայքայել ենք մեր լանջերը` անտառապատ տարածքները, և դրանց տեղում հիմա էրոզիայի ենթարկված հողեր են։
Վարդանյանը շեշտում է` կարևոր է ոչ թե ծառատունկ իրականացնելը, այլ ֆունդամենտալ քայլեր անելը, օրինակ, հորեր ստեղծելը, որպեսզի ոռոգման հարցը լուծվի։ Ծառատունկ անելիս պետք է հաշվի առնել մեր ունեցած ռեսուրսները` արդյո՞ք ի վիճակի ենք հետո խնամել դրանք, քանի որ քանիցս ահազանգում են, որ տնկիները չեն ջրում։ Բացի այդ, ըստ նրա, ծառատունկ իրականացվում է ոչ պրոֆեսիոնալ կերպով. այսպես, եթե 2018-19թթ. Երևանում տնկվել է 3000 թուփ և 2 մլն ծաղիկ, ապա դրան հաջորդող 2 տարիների ընթացքում, երբ ստեղծվեց կանաչապատման ՀՕԱԿ–ը, տնկվել է 400 000 թուփ, 80 000-ից ավել վարդեր։
«Երբ Երևանին ասում են վարդագույն քաղաք, խոսքը վարդերի և վարդագույն տուֆի մասին է, ոչ թե սակուրաների, որոնք հիմա ուզում են տնկել Երևանի կենտրոնում։ Եթե սակուրան ապահովում է 10-օրյա ծաղկում և տերևների անկում, ապա մեր տերյանական աշունը հացենիի գունավորմամբ է եղել։ Բացի այդ, Թամանյանի արձանի մոտ լուրջ դեկորացիա պետք էլ չի` այդտեղ գլխավորն արձանն ու Կասկադի համալիրն է։ Ես կանաչապատման այդ ծրագրին դեմ չեմ, սակայն հարցն այն է, թե ինչն ինչով ենք փոխարինում։ Պետք է ընտրենք այնպիսի ծառատեսակներ, որոնք հզոր են և սանիտարական հատկանիշներով, և մարդու հոգեկան աշխարհի վրա ազդեցությամբ»,–նշեց Վարդանյանը։
Ճապոնիայում այսօր նշվում է ծաղկած սակուրայի օրը, բայց ՀՀ–ում հիմա ծառերը փոխելու պա՞հն էր
Նա հավելեց, որ սակուրան չի կարող մրցել հացենու հետ ոչ մի հատկանիշով, և երբ հատում են ծառերը, պետք է նույնանման ծառերով համալրեն։
Միաժամանակ, մասնագետը տեղեկացրեց, որ Երևանում իրեն շատ լավ է զգում սոճին, սոսին, գիհին. գիհու մեկ հեկտարը մաքրում է միջին չափի քաղաքի օդի ավազանը միկրոօրգանիզմներից։ Միաժամանակ, նույնքան կարևոր են նաև թփերը։
Վարդանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ կանաչապատումը միայն ծառատունկը չէ. Ալեքսանդր Թամանյանի հանճարը կայանում էր նրանում, որ նա ծառատունկի մակարդակով չէր մտածում` վերևից էր նայում քաղաքին։
Լրահոս
0