Մհեր Գրիգորյանը հանդիպման վերաբերյալ դրական պատասխան է ստացել Ադրբեջանի փոխվարչապետից

© Sputnik / Aram NersesyanՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ փոխվարչապետի խոսքով` հանդիպման վայրի և ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման վերաբերյալ դրական պատասխան է ստացել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Մուստաֆաևին։ Ըստ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի` առաջարկի նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն են առաջացնում

«Պատասխանը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի և ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չունենք։ Ենթադրում եմ` մոտ ժամանակներում կլինի»,– ասաց Գրիգորյանը` նշելով, որ հանդիպմանը օրակարգային հարցեր են քննարկելու։

Նա հավելեց` շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից։
«Սա շատ կարևոր փաստ է, քանի որ կոնկրետ ու շատ հասկանալի է, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Ես կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության ու ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է»,- ասաց նա։
Գրիգորյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը համաձայն է այս տարբերակին, քանի որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ այս հարցն այլ ձևաչափով չի քննարկվելու։
«Եթե կան հանդիպումներ ու քննարկումներ, նշանակում է, որ այդ ընկալումը կիսում են բոլոր մասնակիցները»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։
Հարցին` կա՞ արդյոք մի կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն եկել են համաձայնության, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դա երկաթգծի Երասխ–Հորադիզ հատվածի վերաշահագործումն է։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստն անցկացվեց հունիսի 2-ին Մոսկվայում: Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:
Լրահոս
0