Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը արդիականացման կարիք ունի. Յուրի Նավոյան
16:25 07.07.2023 (Թարմացված է: 16:29 07.07.2023)
© Sputnik / Andranik GhazaryanՅուրի Նավոյան

© Sputnik / Andranik Ghazaryan
«Դիալոգ» հասարակական կազմակերպության ղեկավարը հանդես է եկել հայկական սփյուռքի գործառույթների նոր ձևակերպմամբ:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի հայկական սփյուռքը լուրջ գործոն է ինչպես ՌԴ հեռանկարային զարգացման համատեքստում, այնպես էլ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կապող օղակի դերում: Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսպիսի միտքհայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
Նա ընդգծեց, որ անկախ Հայաստանի ողջ պատմությունը անքակտելիորեն կապված է սփյուռքի հետ, թեև վերջին 30 տարվա ընթացքում սփյուռքի հետ փոխգործակցության տարբեր մոտեցումներ, ձևաչափեր են եղել, տարբեր գնահատականներ են հնչել սփյուռքի դերի վերաբերյալ: Ընդ որում, Նավոյանը ժամանակակից պայմաններում սփյուռքի 3 հիմնական գործառույթ է առանձնացնում․
1.
Հայկական պետականության ամրապնդում:2.
Հայաստանի կապերի զարգացում այս կամ այն համայնքի բնակության երկրի հետ, սփյուռքի ներուժի ներգրավում միջպետական կապերի զարգացման հարցում: Արտերկրի հայ համայնքները կարող են ինքնուրույն միջպետական ծրագրեր նախաձեռնել և զարգացնել դրանք։3.
Հայաստանի քաղաքակրթական և մշակութային զարգացում ու պահպանում:«Լայնորեն հայտնի է «փափուկ ուժի» տեսությունը, որը բաղկացած է Ամերիկայի դրական իմիջի ներկայացումից։ Ես կառաջարկեի «հստակ ուժ» հասկացությունը, որն ընդլայնում է Հայաստանի միջազգային համագործակցության սահմանները», - կարծում է Նավոյանը։
Նրա խոսքով՝ ռուսաստանահայերը ինչ-որ չափով Հայաստանի շարունակությունն են և կենցաղային մակարդակով կապված են հայրենի հողի հետ: Այս առումով Ռուսաստանի հայությունը կարող էր մասնակցել քննարկումներին, լուծումների որոնումներին՝ նպաստելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դրական զարգացմանը։
Նավոյանը նկատեց, որ միջազգային բարդ իրավիճակն իր շտկումներն է մտցնում ռազմավարական դաշինքների մասին ավանդական պատկերացումների մեջ։ Բացառություն չեն նաև հայ-ռուսական հարաբերությունները. դրանք ենթարկվում են փորձությունների, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են փոխադարձ ընկալումների ճգնաժամի։ Հայ-ռուսական հարաբերությունների առաջին շերտը, որին մենք բախվում ենք, հենց փոխընկալումների ճգնաժամն է։
Նավոյանի կարծիքով` երեք հիմնարար խնդիր կա, որոնք ազդում են փոխադարձ ընկալման վրա և խոչընդոտներ են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար․
1.
Հայ-ռուսական հարաբերությունների մասին պատկերացումների ավելորդ պրիմիտիվացում։ Հաճախ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները պարզունակ են ներկայացնում այս կամ այն գործընթացը՝ իրենց հասարակությունների ներսում ստեղծելով սև-սպիտակ պատկերներ, ինչպես նաև բաժանարար գծեր։2.
Փոխադարձ բացասական ընկալում և անբավարար փոխըմբռնում: Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները միմյանց մասին չափազանցված պատկերացումներ ունեն։ Եվ երբեմն այս պայմաններում չափազանց ցավոտ են ընկալում այս կամ այն քաղաքական որոշումը, այս կամ այն մոտեցումը։3.
Հայ-ռուսական հարաբերությունների ինստիտուցիոնալ համակարգվածության պակաս կամ նույնիսկ բացակայություն։ Քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին վերագրվում է բացարձակ դերակատարություն, և նրանք նույնիսկ ֆետիշի աստիճանի են բարձրացվում։ Ընդ որում, քաղաքական որոշումներն անհատականացվում են, և այդ ընկալումը պրոյեկտվում է միջպետական հարաբերությունների վրա։Նավոյանը վստահ է՝ փոխընկալման գործոնը շատ դեպքերում դառնում է որոշիչ և կանխորոշում է երկկողմ քաղաքական կամ տնտեսական հարաբերությունների հաջողությունը կամ ձախողումը: Բայց այդ ընկալումները միշտ չէ, որ համարժեք կերպով են արտացոլում իրերի ներկա վիճակը և կողմերից յուրաքանչյուրի իրական մոտեցումը։
«Անհրաժեշտ է ուժեղացնել երկխոսության մեխանիզմները և արդիականացնել միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի այն համապատասխանի իր նշանակությանը և համոզիչ լինի երկու երկրների քաղաքացիների համար։ Վստահ եմ, որ որակյալ օրակարգի և համոզիչ փոխգործակցության միջոցով հնարավոր է հաղթահարել այն հիմնական խնդիրները, որոնք խանգարում են սթափ գնահատել հայ-ռուսական հարաբերությունների իրական իրավիճակն ու զարգացման հեռանկարները: Մենք տեսնում ենք, որ շատ հաճախ արարողակարգային հանդիպումներ են լինում և այդ հանդիպումների արդյունքներով շատ կարևոր տեքստեր են հրապարակվում, բայց դրանք, ինչպես ասում են, հանրությանը չեն հասնում, համոզիչ չեն հասարակության համար։ Այստեղ ինստիտուցիոնալ մեխանիզմների պակաս է զգացվում»,-եզրափակեց Նավոյանը։
Նա ընդգծեց նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմնված են աշխարհաքաղաքական շահերի և միջպետական պայմանագրերի վրա (իսկ վերջին 30 տարվա ընթացքում ավելի քան 200 այդպիսի պայմանագիր է կնքվել), համապատասխանում են հայ ժողովրդի կենսական շահերին և Հայաստանի զարգացման հեռանկարներին: