Բրյուսելի հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց. Փաշինյան

© Photo : Dario Pignatelli / European Union Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաշինյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունն ավելի է սրվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Բրյուսելում հուլիսի 15–ին տեղի ունեցած հանդիպումը, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չտվեց` Լաչինի միջանցքի բացման առումով։ ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ապօրինի արգելափակումն ուղիղ ծրագիր է` Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված։ Բրյուսելյան հանդիպումից այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն պետք է ընդգծել, որ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացը պետք է շարունակվի ու այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրվեն»,– ընդգծեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունն ավելի է սրվել։
Փաշինյանն արձանագրեց, որ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22–ի և հուլիսի 6–ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները` պարտադրել Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը, մինչև օրս չեն կատարվել։ «Մենք պետք է շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին միջազգային մամուլում պետք է հնարավորինս լայն լուսաբանվի, իսկ սոցիալական ցանցերում` ավելի օբյեկտիվ ներկայացվի։
Նա ընդգծեց, որ Բրյուսելում նաև վերահաստատվել են ՀՀ և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Առաջիկայում մենք պետք է հստակեցնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրման հիմքը»,– ավելացրեց Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարեց, որ «անհոգնել պետք է շարունակել աշխատանքները նաև գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»։
Նշենք, որ հուլիսի 15–ին Բրյուսելում կայացած Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը, ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0