ՌԴ–ն շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի. Լավրով

© Sputnik / пресс-служба МИД РФՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2023
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լավրովը նշել է, որ արդեն առանձին երկկողմ բանակցություններ է անցկացրել կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի։ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ արդեն առանձին երկկողմ բանակցություններ է վարել կողմերի հետ։ Այս փուլում կողմերը կշարունակեն ջանքեր ներդնել` լուծելու այն խնդիրները, որոնք բխում են Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածություններից՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Իսկ ավելի լայն ձևաչափով կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
«Մենք կողմ ենք, որ այդ բոլոր եռակողմ պայմանավորվածություններն ամբողջությամբ, փոխկապակցվածությամբ կյանքի կոչվեն», - ասել է Լավրովը:
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի ջանքերն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորմանը և հումանիտար խնդիրների լուծմանը, տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմանը, քաղաքացիական հասարակությունների, փորձագետների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմանը:
Նա գործընկերներին առաջարկել է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համաձայնեցման հարցում՝ օգտագործելով փորձագիտական ներուժն ու մեր ընկերների հետ բարի հարաբերությունները: Հուսով եմ, որ մենք նման պրագմատիկ, կառուցողական մթնոլորտում կքննարկենք այդ հարցերը», - եզրափակել Է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտնում է` Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորմանը։
«Մենք ցանկանում ենք օգնել լուծել այնտեղ ծագած հումանիտար սուր խնդիրները: Ռուսական խաղաղապահ զորակազմը դրա համար ունի բոլոր հնարավորությունները: Բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով` Մոսկվան կարևոր է համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով, պատրաստ է ամեն կերպ աջակցել տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը և այլ հարցերի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Լրահոս
0