Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման շրջանակում. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ հարցերի լուծման հարցում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի շրջանակում: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ–ն Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավները վերադարձնելու ադրբեջանական պահանջի վերաբերյալ։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
«Այն (սահմանազատման գործընթացը. խմբ.) համակարգվում է համապատասխան երկկողմ հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար դադարից հետո հուլիսի 12-ին, կայացել է չորրորդ նիստը», - ասաց Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ հարցերի լուծման հարցում։
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Հայաստան–Ադրբեջան սահմանին` ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4–րդ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։
Երկրորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
Լրահոս
0