ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Asatur YesayantsՀԱՊԿ երկրների դրոշները
ՀԱՊԿ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
ՀԱՊԿ երկրների դրոշները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում Երևանից դրական արձագանք են ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«ՀԱՊԿ կազմավորող պետությունները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ բարեկամների համար առավելագույն օգտով գործարկել կազմակերպության լայն հնարավորությունները։ Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ», - ասել է նա։
Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կառուցողական աշխատանքի:
Միևնույն ժամանակ, Աղասանդյանը նշել է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և դրա դիրքերին Հարավային Կովկասում»:
«Հանուն այդ խնդրի հասնելու, նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հենվողներ հնարավորությունները։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - պարզաբանել է դիվանագետը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ, որի միջոցով ցանկացած խնդիր լուծվում է»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն պատմական խորը արմատներ ունի։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների, կողմերի փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք կատարելու պատրաստակամության հիման վրա: Այս համատեքստում չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերը, որն այս բարդ գործընթացում խաղում են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը», - նշել է Աղասանդյանը։
Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից:
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին
Ընդ որում, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցությունը «որոշակի խնդիրներ» է ստեղծում Երևանի համար, սակայն դրանք չեն սահմանափակում համագործակցությունն այլ երկրների հետ:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին կարևորել է ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ընդգծել է, որ ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը հայ բարեկամների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ թեմայով։
Լրահոս
0