Վայրէջք կենտրոնում. Սևանում պարապլաներային թռիչքների փառատոն կանցկացվի

© Sputnik / Asatur YesayantsՊարապլաներային թռիչքներ
Պարապլաներային թռիչքներ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Պարապլաներային թռիչքներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բացի պարապլաներային թռիչքներից, փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև համերգային ծրագիր և ընտանեկան ու մանկական ժամանցի համար նախատեսված ծրագրեր։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Պարապլաներային թռիչքներ, համերգային ծրագիր, արկածային ժամանց... Օգոստոսի 19-ին Սևանում տեղի կունենա «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ» փառատոնը, որին մասնակցելու են 80 մարզիկներ ՀՀ–ից և աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Sky Club ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ այս տարին մարզիկների համար տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ օդաչուները ցուցադրելու են իրենց վայրէջքի հմտությունները՝ համապատասխան թիրախի վրա վայրէջք կատարելով։
«Այս գավաթը նախորդ տարիներին կազմակերպված գավաթից տարբերվում է։ Այստեղ ճշգրտության գավաթ է։ Այսինքն` մարզիկները պետք է թռչեն բարձրությունից և վայրէջք անեն կենտրոնում: Ով ավելի մոտ է կենտրոնում վայրէջք անում, նա հաղթում է։ Նախկինում մարզիկները թռնում էին մի վայրից, բայց պետք է վայրէջք կատարեին մի ուրիշ վայրում»,–նշեց Սարգսյանը։
Փառատոնին մարզիկներ կլինեն Ռուսաստանից , Իրանից, Վրաստանից և այլ երկրներից, սակայն, նրա խոսքով, այս տարի Եվրոպայի համար ՀՀ–ն այնքան էլ գրավիչ ուղղություն չէ` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը։ Ի դեպ, նաև երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված` վերջին մի քանի տարին հնարավոր չի եղել կազմակերպել փառատոնը։
Խոսելով փառատոնի շրջանակում սպասվող միջոցառումների մասին` Սարգսյանը նշեց, որ կազմակերպելիս հաշվի են առել Սևանի ափին մոտ լինելը և փորձել են փառատոնում ներգրավել նաև ջրային բոլոր հնարավոր սպորտաձևերը` արկածային ժամանցը նախընտրողների համար։ Նախատեսվում է նաև համերգային ծրագիր և ընտանեկան ու մանկական ժամանցի այլ ծրագրեր` մասնավորապես օդապարուկներ թռցնել, ներկել և այլն։ Եվ այս ամենը նախատեսվել է 1000-2000 հյուրերի համար։
Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահն ընդգծում է` սպորտաձևը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի` հաշվի առնելով լեռնային երկիր լինելը։
«Հայաստանը այս սպորտաձևը նախընտրողների թոփ 10 երկրների ցանկում է»,–ասաց նա։
Սարգսյանը ընդգծեց, որ փառատոնի և մրցումների վերջում նախատեսվում են գավաթներ և մրցանակներ` գումարի տեսքով։
Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանն ընդգծեց, որ փառատոնները կազմակերպելիս ուշադրություն են դարձնում, որ զբոսաշրջային բոլոր բաղադրիչները առկա լինեն` բնահենք զբոսաշրջությունը, արկածային, մշակութային և գաստրո–գինին։
Նշենք, որ պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում անցկացվել է 2008 թվականին։
Լրահոս
0