Սեպտեմբերին Ադրբեջանի հետ նոր հանդիպումներ կլինեն. Էդմոն Մարուքյան

© Sputnik / Aram NersesyanԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Էդմոն Մարուքյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակում է խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ են սպասվում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այն գործողությունները, որոնք անում է Ադրբեջանը, խաթարում են խաղաղության ողջ գործընթացը և տանում են զրոյացման։ Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից, շարունակում է հավատարիմ մնալ, սակայն, ինչպես ասում են, տանգոն միայնակ չեն պարում, հակառակ կողմ է պետք այդ գործընթացի շարունակության համար»,–ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ Հայաստանն իր մասով շարունակում է խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքները։
Մարուքյանը նաև հիշեցրեց, որ այս պահին Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում, և շեշտեց` Ադրբեջանը պարտավոր է իր զորքերը դուրս բերել Խորհրդային Միության վարչական սահմաններից դուրս, որը Ալմա Աթայի հռչակագրով ճանաչվել է ՀՀ ինքնիշխան տարածք։
«Շուրջ 150 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքից այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Իսկ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, որևէ ոտնձգություն չի իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,– ասաց նա։
Երևանը Բաքվին կոչ է անում չզրոյացնել խաղաղություն հաստատելու հնարավորությունը
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Լրահոս
0