Աղդամով ճանապարհը չպետք է դիտարկել Լաչինի միջանցքը չբացելու պատճառ․ ԵՄ ներկայացուցիչ

ՄԱԿ–ի ԱԽ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
ՄԱԿ–ի ԱԽ նիստ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպացի դիվանագետը կարծում է, որ հումանիտար հասանելիությունը ոչ մի դեպքում չի կարելի վերածել քաղաքական հարցի:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Աղդամով անցնող ճանապարհը չպետք է դիտարկել Լաչինի միջանցքը չբացելու պատճառ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց Եվրամիության ներկայացուցիչ Սիլվիո Գոնցատոն։
«Հաշվի ենք առնում Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը, բայց դա չի կարելի դիտարկել որպես Լաչինի միջանցքը չբացելու պատճառ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունքների և անվտանգության երաշխիքների կարիք ունի։ ԵՄ-ն կրկին կոչ է անում ուղիղ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի և Բաքվի միջև, դա կարևոր է վստահության հաստատման համար»,- հավելեց նա։
Գոնցատոյի խոսքով՝ իրավիճակը սրում են նաև պարբերական գնդակոծությունները, և ԵՄ մոնիտորինգային խմբերը հայտնում են այդ մասին:
Նա հիշեցրեց՝ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն 8 ամիս՝ չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Միակ բացառությունը բուժման նպատակներովտարհանումն է: Դիվանագետը նշեց, որ բնակչությունը տառապում է պարենամթերքի սղությունից։ Բրյուսելում նաև կարծում են, որ հումանիտար հասանելիությունը չի կարելի օգտագործել որպես քաղաքական մեխանիզմ։ Պետք է անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ համաձայն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հայտարարությունների, և ադրբեջանական իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը, որպեսզի ճգնաժամը չվերածվի էսկալացիայի։
Գոնցատոն նշեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը, Ալմա Աթայի հռչակագրի դրույթների անխախտելիությունը՝ որպես սահմանազատման սկզբունքների սահմանման հիմք: Նրա կարծիքով՝ պետք է վերջ դնել ապատեղեկատվությանը, նորմալ պայմաններ ստեղծել բանակցությունների համար, պետք է վերադառնալ երկխոսության։
«Ցավոք, հումանիտար իրավիճակի վատթարացումը խաթարում է կողմերի՝ խաղաղ կարգավորման տրամադրվածությունը»,– ասաց նա` շեշտելով, որ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար։
Դիվանագետը վերահաստատեց՝ ԵՄ-ն հավատարիմ է կողմերի միջև երկխոսության հաստատմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0