Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. Միրզոյանի ելույթը ՄԱԿ–ի ԱԽ նիստում

© Photo : ScreenshotМинистр иностранных дел Арарат Мирзоян на Заседании Совета Безопасности ООН по проблеме Нагорного Карабаха
Министр иностранных дел Арарат Мирзоян на Заседании Совета Безопасности ООН по проблеме Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետևանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի խնդրանով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ»,- ասաց Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանը ջանք չի խնայել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար, սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։
Միրզոյանը մեջբերեց տարբեր երկրների, միջազգային կառույցների եզրակացությունները, նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ որոշումը։
«Այս ողջ ընթացքում Ադրբեջանի ներգրավվածությունը կարելի է բնութագրել տարբեր կերպ, բայց ոչ բարեխիղճ։ ԱԽ-ում այս հարցի առաջին իսկ քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և անգամ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց վերջին 8 ամիսներին Ադրբեջանի ներկայացրած անհիմն պատրվակները՝ Լաչինի միջանցքը փակված պահելու համար՝ սկզբում էկոկտիվիստներ, հետո զենքի տեղափոխման անհիմն մեղադրանքներ և այսպես շարունակ։
«Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ, և այն չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա ընդգծեց` հայկական կողմն ակնկալում է, որ Անվտանգության խորհուրդը կդատապարտի քաղաքացիական անձանց նկատմամբ սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, նաև կդատապարտի հումանիտար օգնության ապօրինի մերժումն ու ԼՂ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը։
Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետևանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։
«Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս խորհրդի բուն պարտականությունն է։ Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»,- շեշտեց նախարարը։
Նա հիշեցրեց՝ ՄԱԿ–ի կարևորագույն սկզբունքներից մեկն է ոչ մեկին անուշադրության չմատնելը։ Նա ցույց տվեց արցախցի տարբեր երեխաների լուսանկարներ՝ նշելով, որ փոքրիկները դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0