Ուզում են` բոլոր ուսուցիչները հիասթափվեն. ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա է
16:39 12.09.2023 (Թարմացված է: 17:42 12.09.2023)
Բաժանորդագրվել
Ուսուցիչները բողոքում են նոր չափորոշիչների, ինչպես նաև իրենց ոտնահարված իրավունքների դեմ։
Հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են արտահայտվում նոր չափորոշիչներին և ինչպես նաև պահանջում են, որպեսզի իրենց իրավունքները չոտնահարվեն։
«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ուսուցիչները հիասթափվեն, դպրոցներում ուսուցիչների պակաս լինի։ Բոլոր տեղերում ուսուցիչների թափուր աշխատատեղեր են, ու այս վիճակը շարունակվում է, չգիտեմ էլ ինչ են որոշելու անել»,– նշեց բողոքի ակցիայի մասնակից անգլերենի ուսուցչուհին։
Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, նա ընդգծեց, որ «Անգլերեն» առարկայի հարցերը բերված են դրսից, և որքան էլ իր կամ մյուս կոլեգաների գիտելիքները բարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, գուցե և չկարողանան պատասխանել որոշ հարցերի։ Ուսուցչուհին ընդգծեց, որ անհրաժեշտ է դասընթացներ անցկացնել։
© Sputnik / Aram NersesyanՈւսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ–ի մոտ

Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ–ի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գալստյանն էլ ընդգծեց, որ ոտնահարվում են իրենց իրավունքները` աշխատանքից հետո տանը միևնույնն է շարունակում են աշխատել, շաբաթ–կիրակի օրերին շաբաթվա պլան են լրացնում, աշխատավարձերի առումով էլ անհավասարություն է դրված ուսուցիչների միջև։
«Ուսուցիչների մի մասի աշխատավարձը բարձրացնում են, մյուսինը` ոչ, բայց դա սխալ է։ Ես ուրախ մ իմ կոլեգաների համար, բայց բարձրացնելիս կարող են ընդհանուր բարձրացնել, հետո կոչ անել կամավոր ատեստավորվելու։ Բազմաթիվ ուսուցիչներ այս պայմանների պատճառով ուղղակի դուրս են գալիս գործից։ Այս պահին ամենաոտնահարված մասնագետը հանրապետությունում ուսուցիչն է»,– ընդգծեց նա։
© Sputnik / Aram NersesyanՍուսաննա Գալստյանը

Սուսաննա Գալստյանը
© Sputnik / Aram Nersesyan
Խոսելով նոր տպագրված գրքերի մասին, ուսուցչուհին շեշտեց, որ 5-րդ դասարանի համար նախատեսված «Մայրենիի» գիրքը տպագրված է և բավականին մատչելի է։ Չնայած դրան, Գալստյանն ընդգծեց, որ կան նաև թերություններ ուսումնական պլանի մասով. թեմաներ կան, որ առկա չեն պլանում, իսկ դասագրքում կան։
Ուսուցչուհի Լիլիթ Օհանյանն էլ շեշտեց, որ պետք է վերացվեն ռոբոտային գործողությունները։ Օրինակ` բացի տարեկան պլանից, ամեն օր լրացվում են այդ օրվա անելիքները, հետո վերջնարդյունքը, «էլեկտրոնային մատյան» հասկացողությունում գնահատականներն են նշանակվում, բայց ըստ Օհանյանի, այս ամենը ոչինչ չի տալիս աշակերտին, իսկ ուսուցիչը չի կարողանում իր ժամերն ավելի ռացիոնալ օգտագործել։
Բողոքի ակցիայից որոշ ժամանակ անց մանկավարժների մոտ իջան ՀՀ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ու Հանրակրթական և արտադպրոցական հաստատություններում ծրագրերի համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։
© Sputnik / Aram NersesyanԹամարա Սարգսյանը

Թամարա Սարգսյանը
© Sputnik / Aram Nersesyan
Սարգսյանը ուսուցիչներին հայտնեց, որ «էլեկտրոնային մատյանի» վերաբերյալ այսօր 200 գրություն են ստացել և խնդրեց հավաքված ուսուցիչներին դադարեցնել այդ հոսքը։ Նա վստահեցրեց` ներկայում իրենց կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենք ունեն լուծումներ։
Հիմա 10 ուսուցիչ մտել են ԿԳՄՍ նախարարություն` բողոքը ներկայացնելու համար։
© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիայի մասնակիցները մտնում են ԿԳՄՍՆ

Բողոքի ակցիայի մասնակիցները մտնում են ԿԳՄՍՆ
© Sputnik / Aram Nersesyan