Ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ–ի կոչը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳՆ–ում վստահ են, որ Ադրբեջանը առաջնորդվում է անպատժելիության զգացումով։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սանձազերծելով հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողորդի նկատմամբ` Ադրբեջանը ցանկանում է ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանն առաջնորդվում է անպատժելիության զգացումով և բացահայտորեն ստանձնում ագրեսիայի պատասխանատվությունը։
«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին, ԼՂ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր»,– գրված է հայտարարությունում։
ԱԳՆ–ն հայտնում է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։
Գերատեսչությունից նշում են, որ նույն նպատակն են հետապնդել 2020թ դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։
«Հարձակմանը նախորդել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։ Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու»,– ասված է հայտարարությունում։
ՀՀ ԱԳՆ–ն կոչ է արել միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
Լրահոս
0