Իշխանափոխություն է պետք. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է

© SputnikԲողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց
Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սուրեն Պետրոսյանի խոսքով` այժմ ճգնաժամի մեջ է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ հայությունը, hետևաբար անհրաժեշտ է միավորվել։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների քաղաքականությունից դժգոհողները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի դիմաց։
Արդեն երկու օր է՝ Երևանի Հանրապետության հրապարակում, բուհերում, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները դժգոհ են Արցախի հարցում հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունից և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը:
Ակցիայի կազմակերպիչ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ անհրաժեշտ է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Նա ընդգծեց` ներկայիս ղեկավարությունը ոչ միայն լվացել է ձեռքերը Արցախից և ունակ չէ երաշխավորելու Արցախի ու Հայաստանի բնակչության անվտանգությունը, այլև այդպիսի ցանկություն չունի։
«Մեր երկիրը, ինչպես նաև ողջ հայությունը ճգնաժամի մեջ է, և մենք պետք է վերացնենք այն, բայց դրա համար իշխանափոխություն է պետք։ Մենք կոնկրետ ծրագիր կներկայացնենք և կփորձենք այն իրականացնել։ Հասարակությանն այլևս չենք ասելու, որ Հայաստանն ու Արցախը ճգնաժամի մեջ են, բոլորն արդեն գիտեն այդ մասին, գործողություններն արդեն հստակ պետք է լինեն, և դրանց սկիզբն այսօր կդրվի»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչը։
Նա հավելեց, որ անհրաժեշտ է միավորվել, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ, և դադարել հետևել այն գործիչներին, որոնք երկարաժամկետ իշխանափոխություն են խոստանում:
«Օրենքի շրջանակում իշխանափոխությունը հնարավոր է, և մենք շուտով կտեսնենք դա։ Կարևոր է կոտրել այն առասպելը, որ ճգնաժամային ժամանակներում իշխանափոխություն պետք չէ։ Եթե մենք չգնանք փոփոխությունների, ապա վերջնականապես կձախողվենք։ Փոփոխությունները պետք է սկսենք ներսից` ձևավորելով հանրային կամք ու դառնալով պայքարի խորհրդանիշ»,- ասաց Պետրոսյանը։
Պետրոսյանը նշեց, որ մասնակցել է ընդդիմադիր 30 ուժի հանդիպմանը, սակայն, իր գնահատմամբ, նրանց չի հաջողվել կոնսենսուսի հասնել: Ավելին` նրա կուսակցությունը ճիշտ չի համարում Հանրապետության հրապարակում ակցիաներ կազմակերպող ընդդիմության գործողությունները և գործելու է առանձին:
«Վերջին 3 տարվա փորձը ցույց է տվել, որ ժողովուրդը պատրաստվում է, բայց չկա մեկը, որ նրան տանի դեպի վերջնական նպատակ։ Մենք որոշել ենք ոչ թե պառակտվել, այլ պայքարն այլ հունով տանել»,- ասաց քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0