Արցախի բժշկական կենտրոններից բոլոր պացիենտները տեղափոխվել են ՀՀ. նախարարություն

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
«Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ:
Լրահոս
0