Կիպրոսի կառավարությունը քննարկում է հայ փախստականներին տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի ԱԳՆ–ն - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Կիպրոսի ԱԳՆ–ն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայերին։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին և քննարկում է երկրում հայ փախստականներին տեղավորելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին։
«Կիպրոսի Հանրապետությունը բաց ուղիներ է պահում հայ ժողովրդի համար։ Այս շրջանակներում Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղից վտարված հազարավոր հայերի, որոնք լքում են իրենց պապական տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք հայ փախստականների մեր երկրում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտումը։
Կիպրոսը Բաքվին մեղադրել է նաև էթնիկ զտումների մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0