Ինչու դեռ չեն կառուցվել ՀՀ–ի համար կարևոր էլեկտրահաղորդման գծերը. փոխնախարարի պարզաբանումը

© Sputnik / Andranik GhazaryanԷլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծեր - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Էլեկտրահաղորդման գծեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էլեկտրահաղորդման 2 գծերը կարող են մեծացնել ՀՀ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները, բայց 2-ի կառուցումն էլ ձգձգվում է․ Չինացիները չեն կարող մասնակցել մրցույթներին, եվրոպական և ամերիկյան ընկերությունները ժամանակ չունեն, իրանցիները բողոքում են ֆինանսից։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է անցկացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ձեռնարկությունում և պարզել, որ ֆինանսական խախտումներ են եղել Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի շինարարության ընթացքում։ Առաջինը կառուցվում է Իրանի արտահանման և զարգացման բանկի վարկով, երկրորդը` գերմանական KfW բանկի վարկով, այն դեռ չեն սկսել, թեև նախագիծը սկսել են կազմել ավելի քան հինգ տարի առաջ։ Sputnik Արմենիան ուշացման պատճառների մասին զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Փոխնախարարը համաձայն չէ վերահսկողական ծառայության գնահատականների հետ, որը, նրա խոսքով, խարդախություն է տեսել այնտեղ, որտեղ խոսք կարող էր լինել առավելագույնը վճարումների ուշացման (դեբիտորական պարտքերի մարման) մասին։ Նրա խոսքով` այլ հարց է, որ երկու նախագծերն էլ իսկապես ուշացել են։

Էներգետիկ միջանցք

Հակիրճ այն մասին, թե ինչու են այս երկու նախագծերն այդքան կարևոր: Հայաստանի էներգահամակարգի հզորությունը խիստ սահմանափակ է, քանի որ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի ուղղությամբ 220 կՎ-ից բարձր հզորությամբ ոչ մի էլեկտրահաղորդման գիծ չկա: Վրաստան է տանում 220 կՎ մեկ գիծ և երկու 110 -ական, Իրան՝ երկու 220-ական կՎ: Երկու նոր գծերը, յուրաքանչյուրը` 400 կՎ-ով, զգալիորեն կբարձրացնեն էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման հնարավորությունները, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ միասնական շուկա, որը գտնվում է ձևավորման փուլում։ Դեպի Վրաստան արտահանումն արդեն զգալիորեն աճեց, երբ 2022 թվականին Հայաստանում սկսվեց էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը։ Կայանները և մեծածախ վաճառողները էլեկտրաէներգիան «դրսում» ինքնուրույն վաճառելու հնարավորություն ստացան։ Արդյունքում 2022 թվականին դեպի Վրաստան արտահանումն ավելի շատ եղավ, քան նախորդ 10 տարիներին (365 մլն կՎտ/ժ):

Հայաստան-Վրաստան

Ինչպես արդեն նշեցինք, դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախագիծը կազմվել է ավելի քան հինգ տարի առաջ և մի քանի անգամ փոփոխվել է։ Շինարարության մրցույթները հայտարարվել են միայն այս տարի՝ երեք լոտով։ Առաջինով պետք էր կապալառու ընտրել Սևան քաղաքի մոտ գտնվող Դդմաշեն գյուղում ենթակայանի կառուցման համար, որը պետք է նոր էլեկտրահաղորդման գիծը միացնի Հայաստանի հիմնական էներգահամակարգին։ Մրցույթն ավարտվեց հոկտեմբերի վերջին, սակայն երկու ընկերություններից մեկը սնանկության գործընթաց հայտարարեց, իսկ մյուսը՝ «Siemens»-ը, ասաց, որ ծանրաբեռնված է այլ պատվերներով:
Մյուս երկու լոտերի տենդերների արդյունքները նախատեսվում է ամփոփել դեկտեմբերի 6-ին, սակայն այստեղ էլ են դժվարություններ սպասվում, առաջին հերթին` այսպես կոչված հաստատուն հոսանքի ներդիրի հետ կապված։ Այս տեսակի ենթակայանը կառուցվում է երկու մեկուսացված էներգահամակարգերը կապելու համար, որտեղ հոսանքի հաճախականությունները տարբեր կերպ են տատանվում: Հայաստանի էներգահամակարգը սինխրոնացված է իրանականի, բայց ոչ վրացականի հետ, ուստի դրանց անխափան կապի համար նման ներդիր է անհրաժեշտ։
Սակայն դրանց պահանջարկը վերջին տարիներին Եվրոպայում կտրուկ աճել է. այնտեղ դրանք անհրաժեշտ են հողմային և արևային խոշոր կայանները ընդհանուր ցանցին միացնելու համար։ Դրանց էլեկտրաէներգիայի արտադրությունը տատանվում է՝ կախված օրվա ժամից և եղանակից, ինչը նշանակում է, որ հոսանքի հաճախականությունը նույնպես տատանվում է։
Դեպի համակարգ մատակարարումը սինխրոնացնելու համար հաստատուն հոսանքի ներդիրներ են անհրաժեշտ: Տեխնոլոգիաները բարդ են, դրանց տիրապետող ընկերությունները՝ քիչ, իսկ պատվերների թիվն աճում է։ Ուստի վտանգ կա, որ Հայաստանին պարզապես հերթ չի հասնի։ Այս ռիսկը մեծանում է այն խիստ պահանջների պատճառով, որոնք KfW բանկը ներկայացնում է մրցույթի մասնակիցներին: Դրանցից մեկը՝ պետք է ունենալ առնվազն մեկ նախագիծ, որը կառուցվել է Եվրոպայում. այդ պատճառով չինական ընկերությունները չեն կարողացել հայտ ներկայացնել։
«Եթե դեկտեմբերի 6-ին էլ հայտեր չունենանք, KFW-ի գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները։ Գուցե նշաձողը փոխվի ավելի շատ մասնակիցներ ներգրավելու համար, կարող է՝ նոր մրցույթ հայտարարվի կամ ուղղակի հարցում անցկացվի հնարավոր ընկերությունների շրջանում։ Մեր գերմանացի գործընկերները տեսնում են, թե ինչ իրավիճակ է ստեղծվել և պատրաստ են քննարկումների»,– ասաց Վարդանյանը։
Նոր մրցույթի ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա, եթե իհարկե այն կրկին հայտարարվի:

Իրան-Հայաստան

Այս գծի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2012-ին, բայց Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով սկսվեց 2017-ին: Իրանի սահմանից այն պետք է հասնի Լիճք գյուղին հարակից ենթակայան։ Վերջնաժամկետն ի սկզբանե նախատեսված էր 2020 թվականին, բայց նույնիսկ հիմա՝ երեք տարի անց, աշխատանքը չի ավարտվել։
Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքները հետաձգվում են կապալառու «Sunir» ընկերության ֆինանսական դժվարությունների պատճառով։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում շինարարական բրիգադներն ակտիվացրել են աշխատանքը, որը նախորդ մի քանի ամիսներին գրեթե դադարեցվել էր։
Հանուն արդարության պետք է նշել, որ աշխատանքի զգալի մասն արված է. 711 բետոնե հենարաններից, որոնք պետք է դրվեն գծի աշտարակների համար, 670-ն արդեն պատրաստ են։ Կառուցվել են նաև դրանց մուտքի ճանապարհները (տեխնիկական սպասարկման համար)։ Ապագա գծի զգալի մասն անցնում է Սյունիքի մարզով։ Կան հենարաններ, որոնք, կարելի է ասել, ժայռերի վրա են կառուցվել, և հիմնական ճանապարհից դեպի այնտեղ պետք էր մինչև 1-2 կմ մոտեցման ճանապարհ կառուցել։ Դրանց վրա աշտարակներ տեղադրելը, փոխնախարարի խոսքով, համեմատաբար հեշտ աշխատանք է։
Բայց կան հատվածներ, որտեղ աշխատանքը դեռ չի սկսվել։ Պատրաստ չէ նաև Սիսիանի տարածաշրջանի «Նորավան» ենթակայանը, թեև ռելիեֆային բարդություններ չկան։
«Մենք կատարում ենք մեր ֆինանսական պարտավորությունները և ժամանակացույցով մարում շինարարության վարկը։ Բայց կառուցապատողը ստանում է գումարը ըստ հանձնած աշխատանքի «կտորների»։ Այստեղ էլ նա պնդում է, որ չի կարող աշխատանքը ժամանակին կատարել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մենք ընդառաջում ենք, կանխավճար ենք տվել», - ասաց Վարդանյանը։
Իրանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է մի փոքր արագացնել աշխատանքների ընթացքը, և այժմ հայկական կողմը հույս ունի, որ նախագծի ավարտը երկար չի սպասեցնի։
Հնարավոր է` ԵԱՏՄ-ում գազի և էներգիայի միասնական շուկան մինչև 2025 թվականը չստեղծվի. Վարդանյան
Լրահոս
0