Իսրայելը Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին 1 ժամ է տվել տարհանվելու համար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ ՑԱԽԱԼ-ը կարողացել է մտնել Գազայի «Աշ Շիֆա» բժշկական կենտրոն:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում հատուկ գործողություն իրականացնող իսրայելցի զինվորականները բուժհաստատությունում գտնվողներին ժամանակ են տվել տարհանվելու համար: Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera»–ն՝ հղում անելով իր աղբյուրներին ։
«Իսրայելի զինված ուժերը Գազայի հիվանդանոցի բժիշկներին, հիվանդներին և տեղահանված անձանց մեկ ժամ են տվել տարհանվելու համար», - հայտնում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կարողացել է մտնել Գազայի «Աշ Շիֆա» բժշկական կենտրոն: Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր, որ հիվանդանոցի տարածքում հայտնաբերել է ՀԱՄԱՍ–ի հրամանատարական կենտրոնը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0