Սումգայիթյան սպանդը մարդկայնության դեմ նոր հանցագործությունների սկիզբ դրեց․ Արցախի ԱԳՆ

Անպատժելիության հետևանքով է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին։ Արցախի ԱԳՆ-ն հերթական անգամ դիմում է միջազգային հանրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այսօր մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է։ Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքի մոտ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարներն արտաքսվեցին:

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Արցախի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին։ Նրանք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

«Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1988-1991 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումները և զանգվածային սպանությունները փոխարինվեցին 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ զինված ագրեսիաների ընթացքում կատարված պատերազմական հանցագործություններով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ը բոլոր ապացույցներն ունի. Թաթոյանը` հայերի ջարդերի մասին

Այս 33 տարիների ընթացքում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով հազարավոր հայեր սպանվել են, տասնյակ հազարները՝ հաշմանդամ դարձել, հարյուր հազարները՝ բռնի տեղահանվել և հայրենազրկվել:

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

«Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը, Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։

ԱՀ ԱԳՆ-ն մատնանշում է՝ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարումը անպատժելիության և ամենաթողության հարուցած հանցավոր քաղաքականության վառ օրինակ է:

Արցախի արտաքին գերատեսչությունը նաև կոչով դիմում է միջազգային հանրությանը՝ գործուն քայլերով պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար:

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն հիշեցնում է վերջին 33 տարիները