2024-ից ՀՀ–ում ստիպված կլինեն տուգանք վճարել բնակարանների ստվերային վարձակալության համար

Գրեթե ոչ ոք իր տունը վարձով տալիս չի գրանցում գործարքը հարկային ծառայությունում և չի վճարում սահմանված եկամտահարկի10%-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում բնակարանների ստվերային հանձնման համար 2024 թվականի հունվարից սեփականատերերը ստիպված կլինեն տուգանք վճարել։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում բնակարանների և տների վարձակալությունը գրեթե միշտ կատարվում է առանց պայմանագրերի, այսինքն՝ առանց հարկերի վճարման (վարձակալական եկամուտներից պետք է 10 տոկոս եկամտահարկ վճարել)։ Դա առավել արդիական է հիմա, երբ վարձակալության շուկան ակտիվացել է մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների գալու հետ կապված (մեծամասամբ ռուսների, որոնք հիմնականում գալիս են միջին և երկար ժամկետով)։
Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում է
Պաշտոնապես գրանցված վարձակալական պայմանագրերի թիվը, սակայն, 2022-ին գրեթե չի աճել (2021-ին՝ 4 150, 2022-ին՝ 4 185)։
Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար (առանց հարկային ծանուցում ներկայացնելու) հարկ կլինի վճարել բնակարանի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով տուգանք, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն:
«Օրենքը, ինչպես նշեցի, առաջարկվում է գործողության մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից, բայց եթե նույնիսկ քաղաքացին, չսպասելով ստուգումներին, դրանից հետո ծանուցի հարկայինին, պատասխանատվություն չի կիրառվի», - մանրամասնեց Թամազյանը։
Նշենք, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Հայաստան ժամանած ռուսաստանցիների ճշգրիտ թիվը հնարավոր չէ պարզել, քանի որ այդ թիվն անընդհատ փոխվում է (մի մասը կարող է դուրս գալ երկրից, մի մասը՝ վերադառնալ)։ Ըստ 2022-ի վերջին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նշած տվյալների՝ Հայաստան է ժամանել մոտ 114 հազար ՌԴ քաղաքացի, որից մոտ 65 հազարը՝ հայկական ծագմամբ։ Դրանից հետո Հայաստանում կտրուկ (մինչև մեկուկես-երկու անգամ) աճել են վարձակալության գները։
ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին