Հայաստան
© Sputnik / Илья Питалев

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում ՀԷՑ–ում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ

Ստանալ կարճ հղումը

Նախատեսվում է, որ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման տենդերին մասնակցելու համար կհրավիրվեն հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերություններ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik. Երկուշաբթի ՀՀ կառավարության խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի (ՀԷՑ, Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ռուսական էներգետիկ հոլդինգի 100 տոկոսանոց «դուստր») աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքները։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ:

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի վերջին հայտարարել է, որ իշխանությունները կսուբսիդավորեն սակագների բարձրացումը մինչև հայտնի դառնան ՀԷՑ–ի աուդիտի արդյունքները։ 

Ինչպես հայտարարել է «Իներ ՌԱՕ»–ի ղեկավար Բորիս Կովալչուկը, ՀԷՑ–ի աուդիտորը կորոշվի ՀՀ իշխանությունների հետ միասին մրցույթի արդյունքում, որին կմասնակցեն հեղինակավոր միջազգային ընկերություններ։ Կովալչուկի խոսքով` աուդիտը կարող է տևել մոտ երեք ամիս, իսկ հետագայում Ինտեր ՌԱՕ–ն չի բացառում այդ ակտիվի վաճառքի հնարավորությունը։