Հայաստան
АРКА

Նալբանդյան. Հելսինկյան եզրափակիչ ակտը Եվրոպայի խաղաղության գրավականն է

Ստանալ կարճ հղումը

Ըստ Նալբանդյանի` Հայաստանը Կազմակերպության ակտիվ անդամ է, սերտ գործակցություն է իրականացնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի և Կազմակերպության կառույցների միջև

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Spuntik. Հելսինկյան եզրափակիչ ակտը Եվրոպայի խաղաղության գրավականն է, չորեքշաբթի ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ակտի ստորագրման 40–ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում։

«Հելսինկյան ակտի ստորագրումը հետպատերազմյան Եվրոպայի կարևորագույն երևույթն է, որն ուրվագծել է ոչ միայն տարածաշրջանի երկրների գործակցության ուղղությունները, այլ նաև ազդել է միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա»,– ասել է Նալբանդյանը։

Ըստ նրա` Հայաստանը, կատարելով ԵԱՀԿ շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, Կազմակերպության ակտիվ անդամ է,  սերտ գործակցություն է իրականացնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի և Կազմակերպության կառույցների միջև։

«40 տարի առաջ սահմանված կետերի իրագործումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության և գործակցության գրավականն է, հետևաբար, դրանց նկատմամբ մշտական ուշադրությունը պետք է կարևորագույն տեղ զբաղեցնի միջազգային հարաբերություններում»,– ընդգծել է Նալբանդյանը։

ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Մարսել Պեշկոն իր հերթին նշել է, որ Եվրոպան այսօր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով անվտանգության ապահովման խնդրի առջև է կանգնած։

© Sputnik / Асатур Есаянц
ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Մարսել Պեշկո


«40 տարի առաջ եվրոպական երկրների ղեկավարները հավաքվեցին  Հելսինկիում` անկախ ունեցած գաղափարային տարաձայնություններից, և փաստաթուղթ ստորագրեցին, որը կարևոր նշանակություն ունեցավ  եվրոպական պատմության վերջին 40 տարիներին», – նշել է Պեշկոն։

Նրա խոսքերով` Հելսինկյան եզրափակիչ ակտը նպաստեց Սառը պատերազմի ավարտին, խաղաղությանն ու կայունությանը, Եվրոպայում նոր պետությունների կայացմանը։

«ԵԱՀԿ–ի դերը ուկրաինական հակամարտության մեջ ցույց է տալիս, որ կազմակերպությունը մեծ դեր է խաղում մեր ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման մեջ, իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության միջոցով ուժեղ և բարեկեցիկ պետության կառուցման հարցում իր դերն ունի ԵԱՀԿ–ի տեղի գրասենյակը», – ասել է Պեշկոն։

Ինչպես նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ 57 երկրների շարքում Հայաստանը կարևոր գործընկեր է, որը ամբողջովին ներգրավված է Կազմակերպության գործունեության մեջ։

© Sputnik / Асатур Есаянц
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկին


«Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ստեղծումը կազմակերպության և հայկական իշխանության միջև համագործակցության նոր մեկնարկ դարձավ` արդեն 15 տարի», – ասել է Սորոկինը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր` Հայաստանի  կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, օտարերկրյա դեսպաններ։

«Հայփոստ» փոստային օպերատորի մասնակցությամբ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ փոստային բլոկի մարում` նվիրված Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին։