ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի–Sputnik. Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:
©
Photo : press office of the MoD of RA
Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Սեպտեմբերի 24–ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ–ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում` գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը տարբեր տրամաչափի դիպուկահար զենքից և ականանետներից։ Դրա հետևանքով Տավուշի մարզի խաղաղ բնակչության շրջանում կա երեք զոհ (բոլոր երեք զոհվածները տարեց կանայք են) և վիրավորներ։ Սեպտեմբերի 25–ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նույն օրը Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի արկակոծման հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ–ի չորս զինծառայող, կան նաև վիրավորներ։