Հայաստան
Официальная страница в Facebook

ԶԼՄ-ներ. «Էյր Արմենիա» ընկերությունը սնանկ է ճանաչվել

Ստանալ կարճ հղումը

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մի քանի միլիոնի պարտքեր է կուտակել, Ավիաընկերության գույքն այժմ արգելանքի տակ է

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. «Էյր Արմենիա» ընկերությունը, որը մի շարք պատճառներով կանոնավոր չվերթերը դադարեցրել էր անցյալ տարվա աշնանը, սնանկ է ճանաչվել, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ժողովուրդը» նշում է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել, ինչի համար հիմք է հանդիսացել «Էյչ Էս Բի Սի բանկի» հայցը։


«Ավիաընկերության գույքը ներկայումս արգելանքի տակ է։ Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի։ Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որևէ հիմք չկա: Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ Արդեն երկու տարի է` Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող», — գրում է թերթը:


«Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթեր իրականացնել։

Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, և առաջիկայում կվերսկսվեն չվերթները։ Դրա հետ մեկտեղ «Էյր Արմենիան» մի քանի միլիոնի պարտքեր է կուտակել:

Sputnik Արմենիան այս հարցի վերաբերյալ զրուցել է Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանի հետ, ով կարծում է, որ «Էյր Արմենիայի» 15-16 մլն դոլար պարտքը թույլ չի տա նրանց վերսկսել կանոնավոր չվերթեր իրականացնել:


«Նրանք այդքան միջոց կամ գույք չունեն, որը կարելի կլիներ գրավ դնել և դրանով ոտքի կանգնել: Ինչ վերաբերում է ներդրողներին (Ավիաընկերության ակցիաների 49%-ը պատկանում է East Prospect Fund ուկրաինական հիմնադրամին), ապա Ուկրաինան հիմա ինքն է գտնվում ճգնաժամի մեջ և թույլ չի տա այլ երկրներում գտնվող կազմակերպությունների ֆինանսավորել, երբ ինքն է գտնվում բարդ վիճակում», — ասաց Ղազարյանը:


Օգոստոսի 14-ին հաղորդագրություն է ստացվել, համաձայն որի` «Էյր Արմենիա» ավիաընկերության հաշվեկշռին 49%  բաժնետոմսերի տիրոջից (East Prospect Fund ներդրումային հիմնադրամ, որը գրանցված է Բրիտանիայի Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում) ընդհանուր 68.6 մլն դոլարի ներդրում է ստացվել:

«Էյր Արմենիայի»  ղեկավարին ծեծելու հետ կապված միջադեպից հետո ներդրումային հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Բոբիլևը հայտնել էր, որ կատարվածը հարցեր կառաջացնի՝ կապված Հայաստանի ավիացիոն ոլորտում անվտանգ բիզնես վարելու հետ, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների աչքերում վնաս կհասցնի հանրապետության վարկանիշին: